You are here

ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  2016թ.

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները:
2016թ.-ին ԳԱԱ համակարգի գրադարաններից օգտվել է 20656  ընթերցող, սպասարկվել է 406215  գրադարանային միավոր: Ակադեմիական ինստիտուտների բոլոր գրադարանների հավաքածուներում   կա 1057674 գրադարանային միավոր: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարաներն այս տարի ձեռք են բերել 14720 գրադարանային միավոր: Այսպիսով ակադեմիական համակարգի գրադարանների ընդհանուր ֆոնդը կազմում է 4104 631  գրադարանային միավոր, հաշվետու տարում բոլոր գրադարանները ձեռք են բերել 19078  գրադարանային միավոր:
Հիմնարար Գիտական Գրադարանն  իր հավաքածուներում ունի 3046957 գրադարանային միավոր, որից 867875ª եվրոպական լեզուներով:   Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 6298 գրադարանային միավոր (այդ թվում 2980 միավոր գիրք, 2634 միավոր պարբերական, 13 քարտեզ և 671 այլ նյութեր): Ստացվել և ֆոնդ է հանձնվել 2350 միավոր թերթ։ 2016թ.-ին ՀԳԳ-ն ունեցել է 15977 օգտվող։
ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 340 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 1025 գրադարանային միավոր (82 միավոր գիրք, 927 միավոր ամսագիր, 16 միավոր այլ նյութեր), առաքվել է 1028 միավոր հրատարակություն (21 միավոր գիրք, 1007 միավոր ամսագիր):
Գրադարանն աջակցում է կրթական հաստատությունների գրադարաններին տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես  Ա. Չեխովի անվ. թիվ 55 դպրոցին՝ 285 գրադարանային միավոր,  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին՝ 86  գրադարանային միավոր։                                                      
Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը կազմակերպել է  նորույթների 40 և  թեմատիկ 6 ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 493 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «Հանրի Բարսեղի Ներսիսյանի ծննդյան 80-ամյակը», «Հայ-իրանական գրականություն», «Հրաչյա Աճառյան – 140», «ՀՀ ԳԱԱ տարեկան ժողով», «Հայոց Մեծ Եղեռն - 101», «ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանի ծննդյան 80-ամյակը»  ցուցահանդեսները:
Գիտաշխատողների, ուսանողների և հայցորդների տեղեկատվական հարցումներն առավել լիարժեք բավարարման նպատակով ՀԳԳ-ը շարունակում է օգտվողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ բաց մատչելիության այնպիսի շտեմարաններից, ինչպիսիք են DOAJ, DOAB, IAEA-INIS£ Ընթացիկ տարում էլ ավելի ակտիվացան ընթերցողների էլեկտրոնային գրանցման,  հաշվառման և էլեկտրոնային սպասարկման աշխատանքները: Դրանց օգնությամբ գրադարանից օգտվողները չայցելելով գրադարան կարող են իրականացնել նյութերի նախնական պատվեր, ապա իրենց համար հարմար ժամանակ գալ և ստանալ պատվիրված գրականությունը: Խնայվում է ընթերցողի ժամանակը և միաժամանակ բարձրանում է սպասարկման որակը։ Հաշվետու տարում գրադարանը իրականացրել է 333 էլեկտրոնային պատվերի սպասարկում։
    Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման  աշխատանքները: Հաշվետու տարում  քարտարան է մուտքագրվել 72375  գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 3336 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 595887  գրադարանային միավոր:
ՀԳԳ-ը, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին արդիականացման և նորովի աշխատելու հարցերում£ Արդյունքում՝ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է ԳԱԱ ինստիտուտների համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, նրանք հաշվետու տարում մուտքագրել են 2693 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատանքներն իրականացնում է ՀԳԳ աշխատակազմը։
  Զգալի են ՀԳԳ-ի թվային գրադարանի, հայագիտական ուղղվածության «Հայկականք» հանգույցի ձևավորման աշխատանքները։ Ավարտվել են ՀԳԳ հայ հնատիպ գրքերի, վաղ և ավելի ուշ շրջանի գրքերի /1801-1850թթ., 1851-1900թթ./, ԳԱԱ հրատարակած ամսագրերի թվային համարժեքների գրադարանի կայք էջում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրման գործում։  Այսպես, «Մատենագիտական ցանկեր» շտեմարանը, որը ներառում է  Հայ գրքի,  մամուլի և ձեռագրացուցակների մատենագիտությունը համալրվել է 12 գրքով։  Շտեմարանում առկա է 111 գիրք։ Ձևավորվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական պարբերական հրատարակություններ՝ «Էջմիածին» /1944-առ այսօր/   և    «Արարատ» /1868-1919թթ./ ամսագրերի հոդվածների վերլուծական նկարագրությունների շտեմարանները, որոնցից «Արարատ» ամսագրի շտեմարանի ձևավորումը արդեն ամբողջությամբ ավարտվել է, իսկ «Էջմիածին»  ամսագրի շտեմարանի ձևավորումը դեռ ընթացքում է։ Նշված աշխատանքների արդյունքում օգտվողներին տրամադրված է 4478 մշակված հոդված։ «Էջմիածին» ամսագրի շտեմարանի աշխատանքները կավարտվեն 2017թ.։
Գրադարանը ունի համակարգչային հզոր ցանց, որն ապահովում է արխիվացված նյութերի պահպանությունն ու դրանց առցանց տրամադրումը և իր օգտվողներին հասանելի է դարձնում տարբեր հրատարակություններ, գիտական հոդվածներ, թերթեր և գրքեր։ Ներկա պահին ՀԳԳ կայք էջը ներառում է հետևյալ շտեմարանները՝
Հայ գիրքը   1512-1800 թթ.-  762 միավոր
Հայ գիրքը   1801-1850 թթ -  1286 միավոր
Հայ գիրքը   1851-1900 թթ -   1028 միավոր
Հայ գիրքը   1900-1920 թթ -   494 միավոր
«Հայկական տպագրություն 400» - 901 միավոր
    «Սասնա ծռեր» շարքից - 32 միավոր
    «Մատենագիտական ցանկեր» – 111 միավոր
«Հիմնադիր ակադեմիկոսներ» շարքից – hիմնադիր ակադեմիկոսների կողմից հեղինակած 178 միավոր մենագրություն
Մամուլը գիտության մասին  - 13 միավոր թերթ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ - 152 միավոր
Հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր - 12 միավոր
ԳԱԱ մատենաշարային հրատարակություններ - 516 միավոր
ԳԱԱ շարունակական հրատարակություններ – 470 միավոր
ՀՀ ԳԱԱ նախագահներ -  4 նախագահի կյանքի և գիտական գործունեության վերաբերյալ ակնարկներ։
Նախորդ տարվա համեմատ շտեմարանը համալրվել է 620 նյութով։
Համացանցում հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ը թվայնացրել է ակադեմիական գիտահետազոտական հաստատությունների՝ Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Լեզվի և Գրականության ինստիտուտների կողմից հրատարակվող 18 անուն մատենաշարային հրատարակություն։  Ավարտվել են ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունների 30 անուն  շարունակական հրատարակությունների թվայնացման աշխատանքները։  Վերը նշված շտեմարանները պարբերաբար լրացվում են նոր հրատարակված նյութերով։ Նշված աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ են ընթանում, քանի որ ՀԳԳ ու Ազգային գրադարանը  միասնաբար են իրականացնում հիշյալ խնդիրները։  
    Հատուկ ուշադրություն է դարձվում նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ստեղծմանը և առցանց հասանելի դարձնելուն։
    «Հայ գիրք» շտեմարանը ինտենսիվ համալրվում է նորանոր նյութերով, նույնիսկ այնպիսի նյութերով, որոնք Հայաստանի գրադարաններում չկան և ձեռք են բերվել եվրոպական տարբեր գրադարանների հետ համագործակցության ծրագրերի շրջանակում։
     «Հայ մամուլ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկրներում հրատարակված հայատառ հանդեսներն ու թերթերը, գրառված են նաև այլալեզու, երկլեզվյան ու բազմալեզվյան մամուլի այն վերնագրերը, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։Այս շտեմարանում ՀԳԳ-ը 2016թ.-ին մուտքագրել է 3 անուն թերթ, 4 անուն ամսագիր, ստեղծել է 18 անուն թերթի և 8 անուն ամսագրի գրացուցակ:
    Գրադարանը մշտապես համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի հետ՝ աջակցելով համացանցում նրանց հոդվածների տեղադրմանը և առցանց հասանելի դարձնելուն։   Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունը» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ 2016թ. մուտքագրվել, խմբագրվել և տեղադրվել է կայք էջում ՀՀ ԳԱԱ 6 ակադեմիկոսների   կենսամատենագիտություն:
  «ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ» ենթաբաժնում  ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի հետ համատեղ կազմվել և տեղադրվել է ՀՀ ԳԱԱ 10 արտասահմանյան անդամի կենսամատենագիտություն:
    Պարբերաբար ստուգվում, խմբագրվում և ավելացվում է ԳԱԱ ակադեմիկոսների շտեմարանը։ Շարունակվել են «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման աշխատանքները£ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից (www.flib.sci.am), որի  այցելուների թիվը 2016-ին գերազանցել է 130000։     
    Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողների և գրադարանավարների հետ, ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները, անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: