You are here

ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2018թ.

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 29 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) և ակադեմիական ինստիտուտների 28 ճյուղային-մասնագիտական գրադարաններ:
2018թ.-ին ԳԱԱ համակարգի գրադարաններից օգտվել է 21535 ընթերցող, սպասարկվել է 775500 գրադարանային միավոր: Ակադեմիական ինստիտուտների բոլոր գրադարանների հավաքածուներում կա 1214616 գրադարանային միավոր: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարաներն այս տարի ձեռք են բերել 11394 գրադարանային միավոր:
Հիմնարար Գիտական Գրադարանն իր հավաքածուներում ունի 3056100 գրադարանային միավոր, որից 868946ª եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 7070 գրադարանային միավոր (այդ թվում 3368 միավոր գիրք, 3243 միավոր պարբերական և 459 այլ նյութեր): Ստացվել և ֆոնդ է հանձնվել 1865 միավոր թերթ։ 2018թ.-ին ՀԳԳ-ն ունեցել է 17000 օգտվող։
Այսպիսով ակադեմիական ինստիտուտների գրադարանների և ՀԳԳ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 4270716 գրադարանային միավոր։
ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 225 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 3148 գրադարանային միավոր (1213 միավոր գիրք, 1895 միավոր ամսագիր, 40 միավոր այլ նյութեր), առաքվել է 515 միավոր հրատարակություն (233 միավոր գիրք, 282 միավոր ամսագիր):
Քանի որ առաքվող գրականությունը հիմնականում ԳԱԱ գիտական ամսագրերն են, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ թվայնացված տարբերակով տեղադրված են գրադարանի կայք էջում, այս տարվանից սկսված մենք մեր որոշ գործընկերների առաջարկել ենք օգտվել մեր ամսագրերի առցանց տարբերակից։
ՀԳԳ-ն աջակցում է կրթական հաստատությունների գրադարաններին, տրամադրելով իրենց անհրաժեշտ գրականություն։ Այսպես, օգնության կարգով 120 գիրք ուղարկել ենք Նոյեմբերյանի շրջան, 50 գիրք ուղակվել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի գրադարան։
Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը կազմակերպել է նորույթների 40 և թեմատիկ 7 ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 918 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «ՀՀ ԳԱԱ տարեկան ժողով», «Մելիք Օհանջանյան-125», «Աղայան Էդվարդ-105», «Սարդարապատի Ճակատամարտ-100», «Էդվարդ Մկրտիչի Ջրբաշյան-95», «Ֆրանկոֆոնիա», «ՀՀ ԳԱԱ-75» ցուցահանդեսները:
Գիտաշխատողների, ուսանողների և հայցորդների տեղեկատվական հարցումներն առավել լիարժեք բավարարման նպատակով ՀԳԳ-ը շարունակում է օգտվողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ բաց մատչելիության այնպիսի շտեմարաններից, ինչպիսիք են DOAJ, DOAB, IAEA-INIS£ Ընթացիկ տարում է´լ ավելի ակտիվացան ընթերցողների էլեկտրոնային գրանցման, հաշվառման և էլեկտրոնային սպասարկման աշխատանքները: Դրանց օգնությամբ գրադարանից օգտվողները չայցելելով գրադարան կարող են իրականացնել նյութերի նախնական պատվեր, ապա իրենց համար հարմար ժամանակ գալ և ստանալ պատվիրված գրականությունը: Խնայվում է ընթերցողի ժամանակը և միաժամանակ բարձրանում է սպասարկման որակը։ Հաշվետու տարում գրադարանը իրականացրել է 1655 էլեկտրոնային պատվերի սպասարկում։

Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքները: Հաշվետու տարում քարտարան է մուտքագրվել 70249 գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 6044 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 619462 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ը, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին արդիականացման և նորովի աշխատելու հարցերում£ Արդյունքում՝ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է ԳԱԱ ինստիտուտների համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում։ Նրանք հաշվետու տարում մուտքագրել են 5457 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատանքներն իրականացնում է ՀԳԳ աշխատակազմը։

Շարունակվել են ՀԳԳ-ի թվային գրադարանի հայագիտական ուղղվածության «Հայկականք» հանգույցի ձևավորման աշխատանքները։ Ավարտվել են ՀԳԳ հայ հնատիպ գրքերի, վաղ և ավելի ուշ շրջանի գրքերի /1851-1900թթ., 1901-1920թթ./, ԳԱԱ հրատարակած ամսագրերի թվային համարժեքների գրադարանի կայք էջում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրման աշխատանքները։ Այսպես, «Մատենագիտական ցանկեր» շտեմարանը, որը ներառում է Հայ գրքի, մամուլի և ձեռագրացուցակների մատենագիտությունը համալրվել է 7 գրքով։ Ավարտին են մոտենում «Սիոն» ամսագրի հոդվածների վերլուծական նկարագրությունների շտեմարանի ձևավորման աշխատանքները։ Կայք էջում տեղադրված են 1866-1989թթ., 2012-2014թթ., 2016-2017թթ.։

Գրադարանը ունի համակարգչային հզոր ցանց, որն ապահովում է արխիվացված նյութերի պահպանությունն ու դրանց առցանց տրամադրումը և իր օգտվողներին հասանելի է դարձնում տարբեր հրատարակություններ, գիտական հոդվածներ, թերթեր և գրքեր։ Ներկա պահին ՀԳԳ կայք էջը ներառում է հետևյալ շտեմարանները՝
Հայ գիրքը 1512-1800 թթ.- 796 միավոր
Հայ գիրքը 1801-1850 թթ - 1338միավոր
Հայ գիրքը 1851-1900 թթ - 2641 միավոր
Հայ գիրքը 1900-1920 թթ - 1487 միավոր
Անթվակիր գրքեր - 84 միավոր
Եզակի հրատարակություններ և հայերեն հատվածներ պարունակող
այլալեզու գրքեր - 27 միավոր
«Հայկական տպագրություն 400» - 901 միավոր
«Սասնա ծռեր» շարքից - 32 միավոր
«Մատենագիտական ցանկեր» – 208 միավոր
«Հիմնադիր ակադեմիկոսներ» շարքից – hիմնադիր ակադեմիկոսների կողմից հեղինակած 231 միավոր մենագրություն
Մամուլը գիտության մասին - 11 միավոր թերթ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ - 189 միավոր
ԳԱԱ մատենաշարային հրատարակություններ - 527 միավոր
ԳԱԱ շարունակական հրատարակություններ – 513 միավոր
ՀՀ ԳԱԱ նախագահներ - 4 նախագահի կյանքի և գիտական գործունեության վերաբերյալ ակնարկներ։
Նախորդ տարվա համեմատ շտեմարանը համալրվել է 1486 նյութով։
Համացանցում հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների տարածման, ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ը թվայնացրել է ակադեմիական գիտահետազոտական հաստատությունների՝ Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Լեզվի և Գրականության ինստիտուտների կողմից հրատարակվող 19 անուն մատենաշարային հրատարակություն։ Ավարտվել են ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունների 31 անուն շարունակական հրատարակությունների թվայնացման աշխատանքները։ Վերը նշված շտեմարանները պարբերաբար լրացվում են նոր հրատարակված նյութերով։ Նշված աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ են ընթանում, քանի որ ՀԳԳ-ն ու Ազգային գրադարանը միասնաբար են իրականացնում հիշյալ խնդիրները։

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ստեղծմանը և առցանց հասանելի դարձնելուն։

«Հայ գիրք» շտեմարանը ինտենսիվ համալրվում է նորանոր նյութերով, նույնիսկ այնպիսի նյութերով, որոնք Հայաստանի գրադարաններում չկան և ձեռք են բերվել եվրոպական տարբեր գրադարանների հետ համագործակցության ծրագրերի շրջանակում։ Նկարվել է 621, մշակվել և տեղադրվել է 1614 գիրք։

«Հայ մամուլ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկրներում հրատարակված հայատառ հանդեսներն ու թերթերը, գրառված են նաև այլալեզու, երկլեզվյան ու բազմալեզվյան մամուլի այն վերնագրերը, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։ Նկարվել, մշակվել և տեղադրվել է կայք-էջում թերթերի 61 լրակազմ /9796 էջ/։

Գրադարանը մշտապես համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի հետ՝ աջակցելով համացանցում նրանց հոդվածների տեղադրմանը և առցանց հասանելի դարձնելուն։ Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունը» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ 2018թ. մուտքագրվել, խմբագրվել և տեղադրվել է կայք էջում ՀՀ ԳԱԱ 12 ակադեմիկոսների կենսամատենագիտություն:
Պարբերաբար ստուգվում, խմբագրվում և ավելացվում է ԳԱԱ ակադեմիկոսների շտեմարանը։ Շարունակվել են «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման աշխատանքները£ Ներկա պահին ՀԳԳ-ի շտեմարանները պարունակում են գրականության 6910 անուն, 29505 միավոր, 136627 հոդված և 2,640636 էջ։ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից (www.flib.sci.am), որի այցելուների թիվը 2018-ին գերազանցել է 145000։

Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողների և գրադարանավարների հետ, ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները, անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով:

ՀՀ ԳԱԱ ՀԳԳ տնօրենի
պաշտոնակատար`
Ն. Բ. Շահումյան