You are here

ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2019թ.

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 29 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) և ակադեմիական ինստիտուտների 28 ճյուղային-մասնագիտական գրադարանները:
2019թ.-ին ԳԱԱ համակարգի գրադարաններից օգտվել է 21156 ընթերցող, սպասարկվել է 754129 գրադարանային միավոր: Ակադեմիական ինստիտուտների բոլոր գրադարանների հավաքածուներում կա 1297120 գրադարանային միավոր: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարաներն այս տարի ձեռք են բերել 14036 գրադարանային միավոր: Այսպիսով, ակադեմիական ինստիտուտների գրադարանների և ՀԳԳ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 4356773 գրադարանային միավոր:
Հիմնարար գիտական գրադարանն իր հավաքածուներում ունի 3059077 գրադարանային միավոր (1667295 գիրք, 1364296 պարբերական և այլ նյութեր), որից 869685 եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 4021 գրադարանային միավոր (այդ թվում՝ 2480 միավոր գիրք, 1014 միավոր պարբերական և 527 այլ նյութեր): Ստացվել և ֆոնդ է հանձնվել 1596 միավոր թերթ։ 2019թ. ՀԳԳ-ն ունեցել է 16570 օգտվող։ Տարեցտարի ավելանում են ՀԳԳ-ի կայքէջից առցանց օգտվողների քանակը։
ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 195 կազմակերպությունների հետ, որոնցից ստացել է 212 գրադարանային միավոր (113 միավոր գիրք, 99 միավոր ամսագիր), առաքել է 253 միավոր հրատարակություն (154 միավոր գիրք, 99 միավոր ամսագիր): Քանի որ առաքվող գրականությունը հիմնականում ԳԱԱ գիտական ամսագրերն են, որոնք արդեն թվայնացված տարբերակով տեղադրված են գրադարանի կայքէջում, 2018թ․ սկսած, մենք մեր գործընկերներին առաջարկել ենք օգտվել ամսագրերի առցանց տարբերակից։

Գրադարանն աջակցում է կրթական հաստատությունների գրադարաններին և այլ կազմակերպություններին՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես, օգնության կարգով Էջմիածնի քաղաքային գրադարանին տրամադրել ենք 606 գր/մ գրականություն, գրափոխանակության շրջանակներում գրքեր և ամսագրեր են ուղարկվել Մատենադարան, ԵՊՀ-ի գրադարան և տարբեր ինստիտուտներ։
Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը կազմակերպել է նորույթների 30 և թեմատիկ 10 ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 1258 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «Հ. Թումանյան-150», «Կոմիտաս-150», «Ս. Սարինյան-95», «Սարդարապատի Ճակատամարտ-101», «Վ. Նալբանդյան-100», «Վ. Ֆանարջյան-90», «Մայրենի լեզու», «Մայիսի 9», «Շուշիի ազատագրումը», «Մ. Դավթյան- 85» ցուցահանդեսները:
Գիտաշխատողների, ուսանողների և հայցորդների տեղեկատվական հարցումներն առավել լիարժեք բավարարման նպատակով ՀԳԳ-ը շարունակում է օգտվողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ բաց մատչելիության այնպիսի շտեմարաններից, ինչպիսիք են “Directory of Open Access Journals”, “ Directory of Open Access Books”, “International Atomic Energy Agency –International Nuclear Information System”։ Ընթացիկ տարում էլ ավելի ակտիվացան ընթերցողների էլեկտրոնային գրանցման, հաշվառման և էլեկտրոնային սպասարկման աշխատանքները, ինչի արդյունքում գրադարանից օգտվողները, չայցելելով գրադարան, կարող են իրականացնել նյութերի նախնական պատվեր, ապա իրենց համար հարմար ժամանակ գալ և ստանալ պատվիրված գրականությունը: Հաշվետու տարում Հիմնարար գիտական գրադարանի սպասարկման բաժնի համակարգչային ցանցից օգտվել է 2763 այցելու, իրականացվել է 2036 էլեկտրոնային պատվերի սպասարկում։

Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքները: Հաշվետու տարում քարտարան է մուտքագրվել 74842 գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 3532 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 764553 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ը, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին արդիականացման և նորովի աշխատելու հարցերում։ Արդյունքում՝ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է ԳԱԱ ինստիտուտների համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, նրանք հաշվետու տարում մուտքագրել են 5942 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատանքներն իրականացնում է ՀԳԳ աշխատակազմը։ ՀԳԳ-ն նաև մեթոդական և ծրագրային աջակցություն է ցուցաբերում Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության Հայաստանի թվային գրադարանի» ձևավորման աշխատանքներին։

Զգալի են ՀԳԳ-ի թվային գրադարանի, հայագիտական ուղղվածության «Հայկականք» հանգույցի իրականացվող աշխատանքները։ Ավարտվել են ՀԳԳ հավաքածուներում առկա 1512-1920 թթ․ հայերեն գրքերի թվային պատճենների շտեմարանի ստեղծման, ինչպես նաև ԳԱԱ-ի հրատարակած ամսագրերի թվային համարժեքների՝ գրադարանի կայքէջում տեղադրելու և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրելու աշխատանքները։ Այս շտեմարանները անընդհատ համալրվում են նոր ձեռք բերված գրքերով և նոր հրատարակված ամսագրերով։ «Մատենագիտական ցանկեր» շտեմարանը, որը ներառում էր հայ գրքի, հմամուլի և ձեռագրացուցակների մատենագիտությունները, ընթացիկ տարում համալրվեց ևս երկու «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» և «ՀՀ ԳԱԱ մատենագիտական հրատարակություններ» շարքերով։ Արդյունքում, շտեմարանը համալրվել է 57 գրքով։ Ավարտվել է «Սիոն» ամսագրի հոդվածների վերլուծական նկարագրությունների շտեմարանի ձևավորման աշխատանքները։ Կայքէջում տեղադրվել են 1866-1989թթ., 2012-2014թթ., 2016-2017թթ., 2018-2019թթ․ լույս տեսած բոլոր համարները։ Աշխատանքը շարունակական է։ Այժմ գրադարանի աշխատակիցների ջանքերով կազմվում է «Սիոն» ամսագրի հոդվածների մատենագիտական ցանկը։

Ներկայումս ՀԳԳ կայքէջը ներառում է հետևյալ շտեմարանները՝ «Հայ գիրքը 1512-1800 թթ.» (798 միավոր), «Հայ գիրքը 1801-1850 թթ․» (1347 միավոր), «Հայ գիրքը 1851-1900 թթ․» (3428 միավոր), «Հայ գիրքը 1900-1920 թթ․» (2059 միավոր), Անթվակիր գրքեր (98 միավոր), Եզակի հրատարակություններ և հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր (26 միավոր), «Հայկական տպագրություն 400» (901 միավոր), «Սասնա ծռեր» շարքից՝ 32 միավոր, «Մատենագիտական ցանկեր» (265 միավոր), «Հիմնադիր ակադեմիկոսներ» շարքից՝ hիմնադիր ակադեմիկոսների կողմից հեղինակած 279 միավոր մենագրություն, «Մամուլը գիտության մասին» (12 միավոր թերթ), «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» (199 միավոր), ԳԱԱ մատենաշարային հրատարակություններ (527 միավոր), ԳԱԱ շարունակական հրատարակություններ (546 միավոր), ՀՀ ԳԱԱ նախագահներ (4 նախագահի կյանքի և գիտական գործունեության վերաբերյալ ակնարկներ)։ Նախորդ տարվա համեմատ ՀԳԳ-ի կողմից սպասարկվող գիտատեղեկատվական հանգույցը համալրվել է 1499 նյութով։ Ներկա պահին ՀԳԳ-ի շտեմարանները պարունակում են գրականության 8 267 անուն, 31 143 միավոր, 138779 հոդված և 2 939 634 էջ։

Համացանցում հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ը թվայնացրել է ակադեմիական գիտահետազոտական հաստատությունների՝ «Պատմության», «Արևելագիտության», «Արվեստի», «Հնագիտության և ազգագրության», «Լեզվի և գրականության» ինստիտուտների կողմից հրատարակվող 19 անուն մատենաշարային հրատարակություն։ Ավարտվել են ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունների 36 անուն շարունակական հրատարակությունների թվայնացման աշխատանքները։

«Հայ գիրք» շտեմարանն շարունակաբար համալրվում է նորանոր նյութերով, նույնիսկ այնպիսի նյութերով, որոնք Հայաստանի գրադարաններում չկան և ձեռք են բերվել եվրոպական տարբեր գրադարանների հետ համագործակցության ծրագրերի շրջանակում։
«Հայկական շարունակական հրատարակություններ» համահավաք գրացուցակում 2019թ․ նկարվել, մշակվել և տեղադրվել է պարբերականների 87 լրակազմ (30 594 էջ)։
Գրադարանը մշտապես համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի հետ՝ աջակցելով համացանցում նրանց հոդվածների տեղադրմանը և առցանց հասանելի դարձնելուն։ Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունը» էլեկտրոնային շտեմարանի համալրման աշխատանքները։ 2019թ․ կազմվել է 2 ակադեմիկոսների կենսամատենագիտություն (Աղալովյան Լենսեր Աբգարի, Սաֆրաստյան Ռուբեն Արամի), որոնց խմբագրումը ընթացքի մեջ է։ Սերգեյ Սարինյանի ծննդյան 95-ամյակի առթիվ կազմված կենսամատենագիտությունն արդեն տեղադրվել է կայքէջում։ Պարբերաբար ստուգվում, խմբագրվում և ավելացվում է ԳԱԱ ակադեմիկոսների շտեմարանը։ Շարունակվել են «Մամուլը գիտության մասին» շտեմարանի համալրման աշխատանքները։ Բոլոր այս շտեմարանները հասանելի են գրադարանի կայքէջից (www.flib.sci.am), որի այցերի թիվը 2019թ․ գերազանցել է 147 000։
Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողների և գրադարանավարների հետ, ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները, անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով:
2019թ․ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը մասնակցության հայտ է ներկայացրել․
1․ «ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գիտական սարքավորումների սպասարկում, վերազինում, գիտափորձերի իրականացման համար նյութերի ձեռքբերում և չնախատեսված անհետաձգելի ծախսերի կատարում» և «ՀՀ ԳԱԱ համակարգի կազմակերպությունները սարքավորումներով վերազինում» ծրագրերին, որի արդյունքում ձեռք է բերվել գրադարանին անհրաժեշտ հետևյալ համակարգչային տեխնիկան և սպասարկող սարքավորումները։
ա/ Համակարգիչ 7 հատ ։
բ/ Տեսածրիչ Fujitsu ScanSnap, 2 հատ։
գ/ Սպասարկող սարքավորումներ /ապսարկող կայանի օպերատիվ հիշողություն, Հոսանքի անխափան սնուցման աղբյուր, Արտաքին կոշտ սկավառակ, Օդորակիչ,ցանցային կուտակիչ/։

2․ «Գիտական տպագիր նյութերի թվայնացման ծառայություններ» ծրագրին, որի արդյունքում մատուցվել է ծառայություն թվային գրադարանի մոդուլների ձևավորման ուղղությամբ։ Թվայնացվել և կայքէջում տեղադրվել է 154 գիրք (21613 էջ), 137 պարբերական (3252 հոդված, 26961 էջ)։ Կայքէջում բացվել է ևս 7 պարբերականի տիրույթ։
Գրադարանը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակում, ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների» ԳՀԻ և Պոզնանի գերհամակարգչային կենտրոնի հետ համատեղ ձեռնամուխ է եղել «Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցի» ձևավորման աշխատանքներին։ Նախատեսվում է, մեկ ընդհանուր հարթակում հավաքել գիտական ուղղվածության հրատարակությունների թվայնացված պատճենները, որով մեծապես կբարձրանա նյութերի փնտրման արդյունավետությունը և կստեղծվեն գիտաչափական տվյալների հավաքագման նախադրյալներ։

ՀՀ ԳԱԱ ՀԳԳ տնօրենի
պաշտոնակատար`
Ն.Բ. Շահումյան