You are here

 

    Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում են 31 ակադեմիական գրադարաններ`   Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/, Գիտաբժշկական գրադարանը և  ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային մասնագիտական գրադարաններ:
Հաշվետու տարում  աշխատանքային պայմանները ճյուղային գրադարանների գործունեության համար մնացել են անբարենպաստ:  Գրադարանների ճնշող մեծամասնությունը շարունակում է աշխատել անբարենպաստ պայմաններում և լուրջ խնդիրներ է ունենում իրենց բնականոն գործունեությունն ապահովելու և հատկապես գիտական արդի գրականության ձեռքբերման գործում, գրադարանների մեծ մասը շարունակում են մնալ համակարգչային ժամանակակից միջոցներից զուրկ  և Հիմնարար գիտական գրադարանը, որպես ՀՀ ԳԱԱ գրադարանային ցանցի մեթոդական ղեկավար դիմում է Նախագահությանը հաջորդ տարի որոշակի աջակցություն ցուցաբերել դրանց կենսագործունեությունն բարելավելու և արդիականացնելու գործում:
 Ի տարբերություն ճյուղային գրադարանների ՀԳԳ-ի աշխատանքային պայմանները բավարար են և նախորդ տարիների համեմատ 2007-ին պետական աջակցության շնորհիվ ՀԳԳ-ն ունեցել է արդի գիտական գրականություն պատվիրելու ավելի լայն հնարավորություններ:
 Դեռևս անբավարար է գրականության ձեռքբերման ֆինանսավորումը, որի արդյունքում  ՀԳԳ-ը հնարավորություն չի ունեցել իրականացնելու մեծ պահանջարկ ունեցող որոշ գիտական ամսագրերի բաժանորդագրությունը:
 2007 թվականի ընթացքում իրականացվել են աշխատանքներ գրքային ֆոնդերի պահպանության  պայմանների բարելավման և դրանց ողջամնացությունն ապահովելու համար: Հաշվետու տարում ավարտվեցին ՙ Ոսկե ֆոնդի՚` հնատիպ և հազվագյուտ հրատարակությունների ախտահանման և բուժման աշխատանքները: Այժմ կարող ենք փաստել, որ կործանումից փրկվել է ազգային արժեք ներկայացնող ավելի քան 1190 միավոր եզակի և հազվագյուտ գիրք: Սակայն հիվանդ և բուժման ու ախտահանման կարիք ունեցող 140 միավոր հնատիպ գիրք կա նաև անհատական հավաքածուներում : Այս աշխատանքների իրականացումը նախատեսված է 2008 թվականի ընթացքում:
Ներկայիս անբավարար ֆինանսավորման պայմաններում, այնուամենայնիվ, ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները( հիմնականում արտասահմանյան գիտական կազմակերպությունների և հիմնադրամների հետ արդյունավետ համագործակցության, գրքափոխանակության և նվիրատվությունների շնորհիվ), ապահովեու համար գրքային ֆոնդի նվազագույն չափով համալրումը և ընթերցողների գրադարանա-մատենագիտական և գիտա-ինֆորմացիոն սպասարկումը, անցումը սպասարկման ժամանակակից մեթոդներին, այն է տպագիր արտադրանքի էլեկտրոնային տարբերակի ձեռքբերմանը, ինչպես նաև ներկայացմանը: Այսպես հաշվետու տարում ՀԳԳ-ն կարողացել է իրականացնել “Britannica”  հանրագիտարանի  էլեկտրոնային տարբերակի բաժանորդագրությունը, որից օգտվելու հնարավորություն է ընձեռնել ինչպես գրադարանից այնպես էլ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից:
Շարունակվել են աշխատանքները ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման ուղղությամբ: Հաշվետու տարվա ընթացքում  քարտարանում մուտքագրվել է մոտ 46.442գր. միավոր գիրք, պարբերական և քարտեզներ: Զուգահեռաբար  մուտքագրվել,դասակարգվել, խմբագրվել և քարտագրվել է 9070 գր. միավոր նոր ստացված գրականություն/գրքեր և  պարբերականներ/: Այսպիսով 2007թ. մուտքագրվել է ընդամենը 55.512 գր. միավոր և ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում  մուտքագրված է 213.099 գրադարանային միավոր: Ընթացքում է նաև հնատիպ գրքի էլեկտրոնային մատենագիտական քարտարանի ձևավորումը: Շարունակվել են աշխատանքները գրադարան մուտք գործած նոր գրականության այբբենական և սիստեմատիկ քարտարանների խմբագրման ուղղությամբ: Հաշվետու տարում քարտերի մշակման էլեկտրոնային տարբերակով պատրաստվել է 14.182 մատենագիտական քարտ: Ընթացքի մեջ են գրադարանի կայք-էջի վերանախագծման աշխատանքները:
2007 թվականի սեպտեմբեր ամսից գրադարանը իր ներքին ռեսուրսների հաշվին կազմակերպել և իրականացնում է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցներին լրիվ տեքստային գիտական հոդվածների էլեկտրոնային տարբերակների անվճար առաքման աշխատանքներ: Որպես մատակարար կառույցներ հանդես են գալիս ամերիկյան և եվրոպական այնպիսի հայտնի հրատարակիչներ ինչպիսիք են` Շպրինգերը, Էլզեվիերը, Էբսկոն և այլն: Գրադարանը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների միավորման հետ: Անցած չորս ամիսների ընթացքում տարբեր գիտական կազմակերպություններիցª գիտաշխատողների պատվերով ավելի քան 80 էլեկտրոնային գիտական հոդվածների անվճար առաքում է իրականացվել: Այս խիստ կարևոր աշխատանքները կշարունակվեն նաև 2008 թվականի ընթացքում:
Տարբեր գիտական բարեգործական կազմակերպություններից, անհատներից և այլ հաստատություններից /ԱՄՆ սոցիալական հետազոտությունների ինստիտուտ, ՆԱՏՕ-ի գիտական ֆոնդ  և անհատներից/ նվիրատվության կարգով անհատույց ստացվել է 2610 գրադ.մ. /1686 միավոր գիրք,  922 միավոր ամսագիրեր և այլ նյութեր/:
 2007թ. ՀՀԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել են  24858 ընթերցող, որոնց սպասարկվել է 738.322 գրադարանային միավոր:
    Ակադեմիական բոլոր գրադարաններն իրենց ֆոնդերում ունեն  4.205.189 գրադ.մ.: Հաշվետու տարում ձեռք է բերվել 11.634 գրադ.մ.:
 2007 թվականի փետրվար ամսին ընթերցողների շրջանում արվեց հարցում` պարզելու թե ինչ դժգոհություններ կան սպասարկման ոլորտում և ինչ առաջարկներ ունեն  նրանք գրադարանի աշխատանքների բարելավման ուղղությամբ: Վերլուծելով հարցախույզի արդյունքները ինչպես նաև նկատի առնելով գրադարանավարների առաջարկները գրադարանում սկսվել և ընթացքում են աշխատանքներ ընթերցասրահների գործունեության բարելավման ուղղությամբ: Այսպես, բոլոր 3 ընթերցասրահներում տեղադրվել են անհատական պահախցիկներ, որտեղ ընթերցողները կարող են տեղավորել իրենց պայուսակները: Արտահագուստի համար տեղադրվել են կախիչներ: Գնվել են նոր աթոռներ, թվով 50 հատ: Կահույքի թարմացումը կշարունակվի նաև 2008 թվականին: Ընթերցասրահները անցել են բաց դարակային սպասարկման սկզբունքին` այն է զգալիորեն ավելացվել է առձեռն գրականությունը և ընթերցողը առանց գրադարանավարի միջամտության կարող է օգտվել առկա տեղեկատու գրականությունից, ծանոթանալ օրվա մամուլին: Կրճատվել է գրապահոցից պատվերների կատարման ժամկետը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում տացքի գործառույթների ավտոմատացման ուղղուոթյամբ: Ընթացքի մեջ է ընթերցողների համակարգչային վերագրանցումը, ինչպես նաև ընթերցասրահներում առկա գրականության մուտքագրումը էլեկտրոնային քարտարան:
Գրադարանի շենքը կառուցվել է 1979 թվականին և կարիք ունի վերանորոգման: 2007 թվականի ընթացքում այս հարցի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ նախագահի անմիջական նախաձեռնությամբ բանակցություններ են տարվել ՙՀայ բարեգործական ընդհանուր միության՚ հետ: ՀԲԸՄ ստանձնել է գրադարանի ընթերցասրահների, ինչպես նաև մի շարք աշխատանքային տարածքների վերանորոգման աշխատանքների ‎‎ֆինանսավորումը:   
       ՀԳԳ-ն իր ֆոնդերում ունի 2.983.942 գրադ.մ., որից 850.425 գրադ.մ. եվրոպական լեզուներով:Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 7134 գրադ.մ. /այդ թվում  2841 միավոր գիրք,   պարբերականների 2957 միավոր և 1336 այլ նյութեր/:
   Ներկայիս պայմաններում արտասահմանյան օտար լեզուներով գրականության համալրման հիմնական և մշտական աղբյուր է հանդիսանում միջազգային գրքափոխանակությունը:
        ՀԳԳ-ը  միջազգային գրքափոխանակության գծով կապեր է ունեցել  արտասահմանյան և ԱՊՀ երկրների 350 կազմակերպությունների հետ /գրադարաններ, թանգարաններ, հրատարակչություններ, գիտական և բուհական հաստատություններ/, որոնցից ստացվել է 1242 գրադ.մ. / 54 միավոր գիրք և   1188 միավոր պարբերական հրատարակություններ/:
   Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին 2007թ. առաքվել է 3198 միավոր ակադեմիական հրատարակություն /866 գիրք,2332 ամսագիր/: Հարկ է նշել, որ ԳԱԱ որոշ ամսագրերի ՀԳԳ-ին չտրամադրելու կամ անբավարար քանակությամբ տրամադրելու  հետևանքով ՀԳԳ-ն զրկվում է շատ արտասահմանյան արժեքավոր գործընկերներից, որի հետևանքով պակասել է նաև ստացվող գրականության քանակը:  Հուսով ենք որ այս հարցը 2008 թվականին արդեն լուծված կլինի, քանզի կա ՀՀ ԳԱԱ Նախագահության համապատասխան հանձնարարականը խմբագրություններին: Տարվում է ակտիվ նամակագրություն արտասահմանյան կազմակերպությունների հետ գրքափոխանակությունն ակտիվացնելու, հետադարձ համալրումն ապահովելու, նոր գործընկերներ ձեռքբերելու ուղղությամբ: Գրադարանն անցնում է համալրման ժամանակակից մեթոդներին` գրականության ընտրման և պատվիրելու էլեկտրոնային եղանակին, ինչն ավելի արագացնում և արդյունավետ է դարձնում գրականության ձեռքբերման պրոցեսը:
 Դեռևս չլուծված է մնում Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ակադեմիայի գիտական ուղղվածություն ունեցող ավելի քան 131 անուն, մոտ 1990 միավոր    ամսագրային հրատարակությունների տեղափոխումը ՀԳԳ: Այս ամսագրերը ՌԴ ԳԱ Բնագիտական գրադարանի կողմից տրամադրվել են ՀԳԳ-ին և ներկայումս պահեստավորված են Մոսկվայում` ՀՀ դեսպանության շենքում: Ֆինանսների սղության պատճառով ՀԳԳ-ն ի վիճակի չէ կազմակերպել այս ամսագրերի տեղափոխումը Երևան, և այս հարցում մենք հայցում ենք նախագահության աջակցությունը:
     Ընթերցողների ինֆորմացիոն սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ը կազմակերպել է 48 նորույթների և 8 թեմատիկ ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվել է 4264 գրադ.միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչների և հայոց բանակի հոբելյաններին,  պատմագիտության և մշակույթի արդի խնդիրներին: Նրանցից առավել հիշատակության են արժանի ՙԳալուստ Գալոյան - 80՚, ՙՎլադիմիր Բարխուդարյան - 80՚, ՙՀովսեփ Օրբելի 120՚, ՙԵղիշե Չարենց - 110՚,  ՙ Հայոց բանակ - 15՚, ՙԿիլիկիա՚, Չինաստանի պատմությունն ու մշակույթը՚ և այլն: Գրադարանը համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ` աջակցելով զորամասերում գրադարանների ստեղծման հարցում:
          Ստեղծվում է  ՀՀ ԳԱԱ պարբերական հրատարակությունների և գիտական ժողովածուների էլեկտրոնային քարտարանը, որտեղ արդեն հանդեսներից մուտքագրվել է ավելի քան 5000 մատենագիտական գրառում համապատասխան համառոտագրություններով և ավելի քան 2000 գրառում գիտական ժողովածուներից: 2008 թվականի ընթացքում այս շտեմարանը կտեղադրվի համացանցում և մատչելի կլինի հանրությանը:
    Նյութեր են պատրաստվում 2008թ-ին Վիկտոր Համազասպի Համբարձումյանի 100-ամյա հոբելյանը նշելու համար: Այս հարցում գրադարանը սերտորեն համագործակցում է Վիկտոր Համբարծումյանի թանգարանի հետ:
Կազմվել, խմբագրվել և հրատարակվել է Գալուստ Գալոյանի 80-ամյակին նվիրված գրքույկը:  Կազմվել, խմբագրվել և պատրաստ է տպագրության ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի կենսամատենագիտությունը: Սկսվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունների թվայնացման աշխատանքները: Սկսվել են աշխատանքներ ՀՀ ԳԱԱ գիտաշխատողների հեղինակավոր գրառումների ստեղծման ուղղությամբ: Տրամադրվել է ծավալուն և բովանդակալից տեղեկատվություն ՀՀ ԳԱԱ համակարգի գիտաշխատողներին, ինչպիսիք են ներգրքային մատենագիտական ցանկերի կազմելը, կոնկրետ թեմային վերաբերող գրականություն ընտրելը, էլեկտրոնային քարտարաններից օգտվելու և որոնումներ կատարելը:
Հսկայական աշխատանք է տարվել գրապահոցում ֆոնդերի ստուգման, մաքրման,ախտահանման, զտման, տեղաշարժի և արագ ու արդյունավետ սպասարկման գործում: Գրապահոցում առկա ազատ տարածքների հաշվին ավելացվել է 376 գրադարակ/մետր, հնատիպ և հազվագյուտ գրականության հավաքածուն տեղափոխվել է գրապահոցի առանձին սենյակ` պաշտպանված երկաթյա դռնով: 2008 թվականի համար գրադարանում որպես հիմնական աշխատանք նախատեսված է սիստեմատիկ դասակարգմամբ առկա հավաքածուն (մոտավորապես 250.000 միավոր գրականություն) դասակարգել ըստ համընդհանուր տասնորդական դասակարգման: 
 Ընդլայնվել է ՀԳԳ-ի համակարգչային ցանցը, գրադարանի բոլոր բաժինները այժմ ապահովված են համակարգիչներով: 2007 թվականի դեկտեմբեր ամսին ՙԱջակցություն գրադարաններին՚ միջնաժամկետ ծախսային ծրագրի միջոցներից գրադարանը գնել է 11 միլիոն դրամի համակարգչային տեխնիկա և օժանդակ սարքավորումներ` 16 ՙՊենտիում4՚ համակարգիչ, սպասարկող կայան, տպիչ, ցանցային կուտակիչներ: Համակարգիչները տեղադրվելու են ընթերցասրահներում: 
 Հաշվետու տարում գրադարանին միացած ՙԻնտերնետ կենտրոն՚-ը շարունակել է իր արդյունավետ գործունեությունը, այցելուներին տրամադրելով ինտերնետ կապ և հաշվողական հզորություններ: Գրանցվել է 557 այցելու 10.026 հաճախումների ընդհանուր թվով:
Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների և գրադարանավարների հետ, որտեղ ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները: Անց են կացվել կարճաժամկետ դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրմանը, ցանկալի նյութի փնտրման մեթոդներին ծանոթացնելու նպատակով: Ազգագրության և հնագիտության, Ֆիզիկական ‎հետազոտությունների, Ին‎ֆ‎որմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների  ինստիտուտների գրադարանավարների համար անցկացվել են դասընթացներ իրենց գրադարաններում ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Այս աշխատանքները կշարունակվեն նաև 2008 և հաջորդող տարիներին ևս: 
4000 տպաքանակով հրատարակվել է ՙՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլեկտրոնային քարտարան: Օգտվողի ուղեցույց՚ բուկլետը, նախատեսված ընթերցողների համար:
Երկարատև ընդմիջումից հետո, գրականության էլեկտրոնային մուտքագրման հետ զուգընթց, հատուկ ստեղծված հանձնաժողովը սկսել է ֆոնդերի զտման աշխատանքները: Հիմնական ֆոնդերից դուրս է գրվել և հանձնվել ավանդապահ ֆոնդ մոտ 1904 գրադ. միավոր:
Ամեն ամիս էլեկտրոնային փոստով ԳԱԱ ինստիտուտներին ուղարկվում են ՀԳԳ-ում նոր ստացված գրականության ցուցակներ:
 Գրադարանի գործունեությունը միջազգային չափանիշներին մոտեցնելու, ինստիտուտների գրադարանների տեխնիկական վերազինման, թվային տեղեկատվական պաշարների ստեղծման նպատակով գրադարանը մի շարք ծրագրեր է ուղարկել դրամաշնորհ տվող տարբեր կազմակերպությունների: Երկու ծրագիր արդեն հաստատվել են: Առաջինը դա գիտական հաղորդակցության էլեկտրոնային միջավայրի ներկայացումն է ՀՀ ԳԱԱ ինստիտուտներին հիմնված ՙԲաց մատչելիության՚ սկզբունքի վրա (դրամաշնորհը տրամադրվել է Բաց հասարակության ինստիտուտի Երևանի գրասենյակի կողմից): Դրամաշնորհի իրականացման ժամկետն է 2008 թվականը: Մյուս դրամաշնորհը ստացվել է ՙԱրևելք-Արևելք՚ հիմնադրամի կողմից և ենթադրվում է ՀՀ ԳԱԱ թվով 10 գրադարանավարների ճանաչողական ուսուցողական այց Լիտվա, ծանոթանալու նրանց փորձին: Մեկ խոշոր միջազգային ծրագրի ղեկավար է հանդիսանում գրադարանի տնօրեն պարոն Զարգարյանը: Ծրագիրը ընթանում է Էի‎ֆլ.նեթ կառույցի հովանու ներքո, և նպատակ է հետապնդում գրադարանային, արխիվային և թանգարանային  հանրությանը ներկայացնել իրենց գործառույթների թվայնացման ծրագրային փաթեթներ, հիմնված Բաց/ազատ ծրագրաշարերի վրա: Առաջարկվող լուծումները այլընտրանք են լինելու կոմերցիոն կառույցների կողմից առաջարկվող փաթեթներին, որոնց գները զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների համար չափից դուրս բարձր են: Ծրագրին մասնակցում են ամերիկյան և կանադանական մի շարք համալսարանական գրադարաններ, իսկ փորձարկման համար արդեն հայտ են ներկայացրել գրադարաններ ավելի քան 30 երկրներից:
Հաշվետու տարում հրատարակվել են մի շարք հոդվածներ տարբեր ամսագրերում (այդ թվում ինդեքսավորվող), ելույթներ են իրականացվել միջազգային և հանրապետական տարբեր գիտաժողովներում: