You are here

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/ և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարաններ: ՀԳԳ-ը իր հավաքածուներում ունի 2.993311 գրադարանային միավոր, որից 852390 եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 9369 գրադարանային միավոր /այդ թվում 3892 գրադարանային միավոր գիրք, պարբերականների 4972 միավոր և 505 այլ նյութեր/: ՀԳԳ-ի գրադարանային աշխատողների թիվը կազմում է 68 աշխատակից, որից` բարձրագույն մասնագիտական կրթությամբ` 12, բարձրագույն ընդհանուր կրթությամբ` 48, միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 6, ընդհանուր միջնակարգ կրթությամբ` 4 աշխատակից:
2008թ. ՀՀ ԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել են 21915 ընթերցողներ, որոնց սպասարկվել է 440964 գրադարանային միավոր: Ակադեմիական բոլոր գրադարաններն իրենց հավաքածուներում ունեն 4,254.884 գրադարանային միավոր: Հաշվետու տարում ձեռք է բերվել 19219 գրադարանային միավոր:     
            Հաշվետու տարում աշխատանքային պայմանները ճյուղային գրադարանների մեծամասնության գործունեության համար դեռևս անբարենպաստ են, և ՀԳԳ-ն որպես մեթոդական կենտրոն փորձում է աջակցել ինստիտուտների գրադարանների արդիականացման և նորովի աշխատելու առումով:
Ինչպես ՀԳԳ-ի այնպես էլ ինստիտուտների գրադարանների համար որպես ընդհանուր պրոբլեմ հարկ է նշել անբավարար ‎‎ֆինանսավորումը գրականության ձեռք բերման և մեծ պահանջարկ ունեցող որոշ ամսագրերի բաժանորդագրության հարցում:
Ընթերցողների սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ՀԳԳ-ն բաժանորդագրվել է մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուների: Այսպես, ՀԳԳ-ը իրականացրել է “Britannica” հանրագիտարանի, “EBSCO-Publishing”-ի և “Oxford Reference Online”-ի էլեկտրոնային պաշարների բաժանորդագրությունը, որից օգտվելու հնարավորություն է ընձեռել գրադարանի ընթերցասրահներում տեղադրված համակարգիչներից: Բանակցություններն այլ հրատարակիչների հետ շարունակվում են: 2008թ. ընթացքում գրադարանը իր ներքին ռեսուրսների հաշվին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցների պատվերներով իրականացրել է ավելի քան 200 էլեկտրոնային գիտական հոդվածների անվճար առաքում: ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 355 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 1978 գրադարանային միավոր (352 միավոր գիրք, 1626 միավոր ամսագիր և այլ նյութեր): Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին առաքել ենք 1558 միավոր հրատարակություն /122 միավոր գիրք, 1436 միավոր ամսագիր/:
            Դեռևս չլուծված է մնում Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ակադեմիայի գիտական ուղղվածություն ունեցող ավելի քան 141 անուն, մոտ 2000 միավոր ամսագրերի տեղափոխումը Երևան: Այս ամսագրերը ՌԴ ԳԱ Բնագիտական գրադարանի կողմից տրամադրվել են ՀԳԳ-ին և ներկայումս պահեստավորված են Մոսկվայում` ՀՀ դեսպանության շենքում: Միջոցների սղության պատճառով ՀԳԳ-ն ի վիճակի չէ կազմակերպել այս ամսագրերի տեղափոխումը Երևան, և այս հարցում մենք հայցում ենք Նախագահության աջակցությունը:
Գրադարանի բաժինները համալրված են համակարգիչներով, որը թույլ է տալիս իրականացնել աշխատանքներ “թվային գրադարանի” ենթահամակարգերի ձևավորման ուղղությամբ: Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքները: Հաշվետու տարվա ընթացքում քարտարան է մուտքագրվել 66,159 գրադարանային միավոր (39,746 անուն) գիրք, պարբերական հրատարակություններ և քարտեզներ: Զուգահեռաբար մուտքագրվել, դասակարգվել, խմբագրվել և քարտագրվել է 6292 գրադարանային միավոր նոր ստացված գրականություն /գրքեր և պարբերականներ/: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 273,681 գրադարանային միավոր: Ավարտվել են հայ հնատիպ գրքի և հայալեզու գրականության էլեկտրոնային մատենագիտական քարտարանների ձևավորումը:  Գրադարանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ինստիտուտների գրադարաններին թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում ներգրավելու ուղղությամբ:
Ընթերցողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ը կազակերպել է 44 նորույթների և 5 թեմատիկ ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 3281 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից առավել հիշատակության են արժանի “ՀՀ ԳԱԱ համակարգի գիտնականների` արտասահմանում հրատարակված գրքերը”, “Սուրեն Տիգրանի Երեմյան – 100”, “Հայ բարեգործական ընդհանուր միության հրատարակությունները”, Անկախությունը` ուժ և հոգեկերտվածք”,   “Նվիրական աստղաբույլ” - հոբելյանական ցուցահանդես` նվիրված Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի, Վիլյամ Սարոյանի ծննդյան    100- ամյա հոբելյաններին:
2008 թվականին գրադարանը ձեռնամուխ եղավ ՀՀ ԳԱԱ պարբերական հրատարակությունների և գիտական ժողովածուների մատենագիտական ծանոթագրությունների էլեկտրոնային քարտարանի ստեղծման աշխատանքներին: Մուտքագրվել է 6800 գր.մ., որից հանդեսների 3800 մատենագիտական գրառում` համապատասխան ծանոթագրություններով և 3000 գրառում գիտական ժողովածուներից: Ստեղծվել է նաև “ՀՀ ԳԱԱ նախագահների կենսամատենագիտություններ” էլեկտրոնային շտեմարանը: Շարունակվել են աշխատանքները “ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ” և Մամուլը գիտության մասին”    շտեմարանների ձևավորման աշխատանքները:Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի ինտերնետ կայքից: Գրադարանը սերտորեն համագործակցելով ՀՀ ԳԱԱ մյուս կառույցների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանը նշելու գործում: Գրադարանի աշխատակիցների մասնակցությամբ կազմվել, խմբագրվել և հրատարակվել են Վլադիմիր Բարխուդարյանի և Վիկտոր Համբարձումյանի կենսամատենագիտությունները:  Յուրաքանչյուր եռամսյակը մեկ էլեկտրոնային փոստով ԳԱԱ ինստիտուտներին է ուղարկվել ՀԳԳ-ում նոր ստացված գրականության ցուցակները:
 Ընդլայնվել է համակարգչային ցանցը: Ընթերցասրահներում տեղադրված են, ընթերցողներին տրամադրված, 15 համակարգիչ :Գրադարանին կից գործող “Ինտերնետ կենտրոն”-ը շարունակել է իր գործունեությունը` այցելուներին տրամադրելով ինտերնետ կապ և հաշվողական հզորություններ: 2008թ. գրանցվել է 652 այցելու:                                                                                                                            
Հսկայական աշխատանք է տարվել գրապահոցում հավաքածուների ստուգման, մաքրման, տեղաշարժի և արագ սպասարկման գործում: Ներկայումս գրքի պատվերի և դրա ստացման միջև ընկած ժամանակահատվածը կազմում է միջինը 30 րոպե: Կատարվել է 1991–2008թթ. հրատարակության հայկական ամսագրերի և մոտ 10,000 միավոր գրքերի ստուգում և տեղաշարժ: Ընթերցողների սպասարկման որակի բարձրացման նկատառումներից ելնելով ընթերցասրահներն աշխատում են բաց դարակային սպասարկման սկզբունքով: Գրադարանը համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ` աջակցելով զորամասերում գրադարանների ստեղծման գործում, օգնել է Վիկտոր Համբարձումյանի անվան դպրոցի գրադարանն ուսումնական և գեղարվեստական գրականությամբ համալրելու գործում:
2008թ. ՀԲԸՄ-ի աջակցությամբ ՀԳԳ-ում իրականացված վերանորոգման արդյունքում (հատկացված գումարը 60,000 ԱՄՆ դոլար) կտրուկ բարելավվեցին թե՛ աշխատանքային պայմանները և թե՛ ընթերցողների սպասարկման որակը: ՀՀ Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով հատկացված 7,5 միլիոն դրամ գումարով ձեռք բերվեցին համակարգիչներ, թարմացվել է գրադարանի գույքը, բարեփոխվել է լուսավորության համակարգը: Գրադարանը ակտիվորեն ներգրավված է տարբեր միջազգային ծրագրերում: Դրամաշնորհ Բաց հասարակության ինստիտուտից “Բաց մատչելիության սկզբունքի վրա հիմնված գիտական հաղորդակցության համակարգի ներկայացում գիտական հանրությանը”խորագրով ծրագրի արժեքն է 37,655 ԱՄՆ դոլար: Հրատարակվել են երկու էլեկտրոնային ամսագրեր “Հայկական մաթեմատիկական հանդես” և “Հայկական ‎‎ֆիզիկական հանդես”: “Արևելք- Արևելք” ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ թվով 10 գրադարանավարների ճանաչողական, ուսուցողական այց Լիտվա, որտեղ ծանոթացել են լիտվական առաջատար գրադարանների աշխատանքին (ծրագրի արժեքն է 25,950 ԱՄՆ դոլար): Եվս չորս գրադարանավար` Ազգային գրադարնից, ԵՊՀ և ՀՊՃՀ գրադարաններից, և Գիտաբժշկական գրադարանից ընդգրկվել են խմբում: ՆԱՏՕ-ի ցանցային ենթակառուցվածքների բարելավմանը ուղղված ծրագրով, ՀԳԳ-ն իրականացնում է դրամաշնորհ` ՀՀ ԳԱԱ ցանցային ենթակառույցները տվյալների հաղորդման համաեվրոպական GEANT     ցանցի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ծրագրի արժեքն է 55,000 եվրո: Համաձայն այս ծրագրի ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գրադարանները ստացել են անհատական համակարգիչներ և տարաբնույթ ցանցային սարքավորումներ: 2009 թվականի առաջին եռամսյակում կստացվեն և կտեղադրվեն նաև   10 գիգաբիթ արագություն ապահովող սարքավորումները: Բրիտանական գրադարանի “Վտանգված արխիվներ” ծրագիրը ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին շնորհել է դրամաշնորհ` թվայնացման ճանապարհով գրադարանի հնատիպ գրքերի և պարբերական մամուլի պահպանության համար (ծրագրի արժեքն է 46,795 ‎ֆունտ ստերլինգ): Ծրագիրը նվիրվում է հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակին: Միդլսեքս համալսարանի (Մեծ Բրիտանիա) գրադարանից որպես տեխնիկական աջակցություն ստացել ենք 26 Պենտիում 4 անհատական համակարգիչ:
Գրադարանի բազայի վրա կազմակերպվել է երկու միջազգային գիտապրակտիկ սեմինար նվիրված գրադարաններում   բաց կոդերով ծրագրաշարերի կիրառմանը և գիտական հաղորդակցության էլեկտրոնային մոդելներին:   
                 Պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների և գրադարանավարների հետ, որտեղ ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները: Անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրմանը, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: Ակադեմիական ինստիտուտների գրադարանավարների համար անց են կացվել ճանաչողական դասընթացներ իրենց գրադարաններում ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: