You are here

 

 Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/ և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները: ՀԳԳ-ն իր հավաքածուներում ունի 3.001280 գրադարանային միավոր, որից 854029` եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 7969 գրադարանային միավոր /այդ թվում 2906 միավոր գիրք, պարբերականների 4387 միավոր և 676 այլ նյութեր/:  ՀԳԳ-ի գրադարանային աշխատողների թիվը կազմում է 59 աշխատակից, որից` բարձրագույն մասնագիտական կրթությամբ` 5, բարձրագույն ընդհանուր կրթությամբ` 44, միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 5, ընդհանուր միջնակարգ կրթությամբ` 5 աշխատակից:
2009թ. ՀՀ ԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել է 22029 ընթերցող, որոնց սպասարկվել է 438410 գրադարանային միավոր: Ակադեմիական բոլոր գրադարաններն իրենց հավաքածուներում  ունեն 4,288441 գրադարանային միավոր: Հաշվետու տարում ձեռք է բերվել 22514 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ն միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 353 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 1698 գրադարանային միավոր (282 միավոր գիրք, 1416 միավոր ամսագիր և այլ նյութեր): Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին առաքել ենք 1511 միավոր հրատարակություն /194 միավոր գիրք, 1317 միավոր ամսագիր/: 2009 թվականից վերսկսվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակած 142 անուն պարբերականների կանոնավոր ստացումը£ Դրանք բոլորն ընթերցողներին հասանելի են թիվ 3 ընթերցասրահից:
2009 թ. սկսվեցին ՀԳԳ գրքային ֆոնդի շուրջ 80000 գրքերի վերադասավորման աշխատանքները կարգայինից չափսային դասավորության: Հաշվետու տարում վերադասավորվել է 13.000 միավոր գիրք: Այս աշխատանքները կշարունակվեն նաև 2010 թվականին£
Ընթերցողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ն կազակերպել է 44 նորույթների և 9 թեմատիկ ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 4870 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի “Սիլվա Կապուտիկյան – 90”, “Հովհաննես Թումանյան – 140”, “Վաչե Նալբանդյան – 90”, “Գալուստ Կիւլպենկյան – 140”, “Կոմիտաս -140”, “Վարազդատ Հարությունյան – 100”, “Ակադեմիայի համակարգի գիտնականների 2006-2008թթ. հրատարակած գրքերը”, “Հայրենիք – Սփյուռք”, “Գիտելիքների աշխարհ – 1 սեպտեմբերի”: Ընթերցողների սպասարկման որակի բարձրացման նկատառումներից ելնելով` ընթերցասրահներն աշխատում են բաց դարակային սպասարկման սկզբունքով: Գրադարանը աջակցում է Պաշտպանության նախարարության  զորամասերում գրադարանների ստեղծման գործին,  Գավառի մանկատանը տրամադրել է ուսումնական և գեղարվեստական 100 միավոր գրականություն:
Գրապահոցում մշտապես կատարվում են հավաքածուների ստուգման, մաքրման, տեղաշարժի աշխատանքներ: Շարունակվում է 1985-2005թթ. հայերեն և ռուսերեն լեզուներով թերթերի ստուգումը: Միաժամանակ թերթերը ուղարկվում են կազմատուն և արդեն կազմված վիճակում տեղադրվում ֆոնդում:
 Գիտաշխատողների, ուսանողների և ասպիրանտների տեղեկատվական հարցումների առավել լիարժեք բավարարման համար ՀԳԳ-ն շարունակում է ընթերցողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ£ Այսպես, ՀԳԳ-ն իրականացրել է “Britannica” հանրագիտարանի, “EBSCO-Publishing”-ի, “Oxford Reference Online”-ի և “Sage Online”-ի էլեկտրոնային պաշարների բաժանորդագրությունը, որից օգտվելու հնարավորություն է ընձեռել  գրադարանի ընթերցասրահներում տեղադրված համակարգիչներից: Բանակցություններն այլ հրատարակիչների հետ շարունակվում են: 2009թ. ընթացքում գրադարանն իր ներքին ռեսուրսների հաշվին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցների պատվերներով իրականացրել է ավելի քան 312 էլեկտրոնային գիտական հոդվածների անվճար առաքում: Սկսվել է գիտական ուղղվածությամբ էլեկտրոնային գրքերի ձեռքբերման և դրանք ընթերցողներին տրամադրելու գործընթացը: Գրադարանի էլեկտրոնային քարտարան է ներլցվել և նկարագրվել 504 միավոր էլեկտրոնային գիրք` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Էլեկտրոնային գրքերը հասանելի են գրադարանի ներքին համակարգչային ցանցից: Էլեկտրոնային գրքերի հավաքածուի հարստացումը կշարունակվի 2010 թվականի ընթացքում ևս:
 Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման  աշխատանքները: Հաշվետու տարվա ընթացքում  քարտարան է մուտքագրվել  59000 գրադարանային միավոր (21.000 անուն) գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 6015 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 333.700  գրադարանային միավոր: Ամբողջովին ավարտված է հայալեզու գրականության մուտքագրումը և ընթացքի մեջ է ռուսալեզու առաջին և երկրորդ ձևաչափերով նյութերի մուտքագրումը էլեկտրոնային քարտարան:
ՀԳԳ-ն, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ինստիտուտների գրադարաններին, դրանց  արդիականացման և նորովի աշխատելու առումով: Աշխատանքները տարվել են երկու հիմնական ուղղություններով` գրադարանավարների մասնագիտական վերապատրաստում և ինստիտուտների գրադարաններին թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում ներգրավում: Մշակման և ավտոմատացման բաժինների աշխատակիցները դասընթացներ են անցկացրել ԳԱԱ ինստիտուտների գրադարանավարների համար` ծանոթացնելով էլեկտրոնային համահավաք գրացուցակի ձևավորման աշխատանքների մեթոդաբանությանը: Արդյունքում արդեն 9 գրադարան ակտիվորեն ներգրավված է էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատունակությունը իրականացվում է ՀԳԳ աշխատակազմի կողմից: Քարտարանը հասանելի է հետևյալ ինտերնետային հասցեից`
http://public.eg-server.flib.sci.am/opac/en-US/skin/default/xml/index.xml
Որպես հեռանկարային ուղղություն գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի: Այսպես, հաշվետու տարվա ընթացքում  սկսվեցին  համատեղ աշխատանքներ “ՀՀ ԳԱԱ  Տեղեկագիր, Մեխանիկա” և “Հայաստանի կենսաբանական հանդես” ամսագրերի հրատարակչությունների հետ, այդ հանդեսների 2009 թվականի թղթային համարների թողարկմանը զուգահեռ դրանց էլեկտրոնային տարբերակների հրատարակումը համացանցում իրականացնելու համար: “ՀՀ ԳԱԱ  Տեղեկագիր, Մեխանիկա” հանդեսի հրատարակչությունը էլեկտրոնային տեսքով արդեն թողարկել է 2009 թվականի բոլոր չորս համարները, իսկ “Հայաստանի կենսաբանական հանդես”-ի հրատարակչությունը էլեկտրոնային տեսքով թողարկել է  2009 թվականի առաջին երկու համարըները: Այս աշխատանքներին զուգահեռ գրադարանը իր ուժերով սկսել է “ՀՀ ԳԱԱ  Տեղեկագիր, Մեխանիկա”  ամսագրի համարների բոլոր հոդվածների հետադարձ թվայնացումը`  մատենագիտական նկարագրությունների համակցումով և տեղադրումով  “ՀՀ ԳԱԱ  Տեղեկագիր, Մեխանիկա”  ամսագրի էլեկտրոնային արխիվում: Արդեն տեղադրված են ամսագրի 1991 – 1999 pվականների համարների բոլոր հոդվածները:  Համարների հետադարձ թվայնացման աշխատանքները կշարունակվեն նաև 2010 թվականին: Շարունակվում են “ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ” էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները: Արդեն տեղադրված է 23 ակադեմիկոսի կենսամատենագիտություն: Շարունակվել են աշխատանքները ՙՄամուլը գիտության մասին՚ շտեմարանի ձևավորման ուղղությամբ:Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի ինտերնետ կայքից:      Յուրաքանչյուր եռամսյակը մեկ էլեկտրոնային փոստով ԳԱԱ ինստիտուտներին են ուղարկվել ՀԳԳ-ում նոր ստացված գրականության ցանկերը:
Շարունակելով աջակցությունը 2008 թվականից սկսած բաց մատչելիության սկզբունքով գիտական ամսագրերի թողարկման աշխատանքներին, 2009 թվականին նույնպես գրադարանը մասնակցեց “Հայկական մաթեմատիկական հանդես” և “Հայկական ֆիզիկական հանդես” էլեկտրոնային ամսագրերի հրատարակմանը: 
  Ընդլայնվել է համակարգչային ցանցը: Ընթերցասրահներում ընթերցողների ազատ օգտագործման համար տրամադրված են 15 համակարգիչ: Գրադարանին կից գործող “Ինտերնետ կենտրոն”-ը շարունակել է իր գործունեությունը` այցելուներին տրամադրելով ինտերնետ կապ և հաշվողական հզորություններ: Ինտերնետ կենտրոնում 2009 թվականին գրանցվել է 252 այցելու` 1680  հաճախումների ընդհանուր թվով:
 
Գրադարանը մասնակցում է չորս միջազգային ծրագրի.
1. ԳԱԱ ինստիտուտների գրադարանների վերազինում համակարգչային տեխնիկայով և ԳԱԱ լուսա-մանրաթելային կապուղու հզորացում: Սա դրամաշնորհ է ՆԱՏՕ-ի Ցանցային ենթակառուցվածքներ ծրագրից:
Համաձայն այս ծրագրի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գրադարանները ստացել են անհատական համակարգիչներ և տարաբնույթ ցանցային սարքավորումներ£ 2009 թվականի առաջին եռամսյակում ստացվեցին և տեղադրվեցին նաև ՀՀ ԳԱԱ ներքին լուսամանրաթելային կապուղին  10 գիգաբիթ արագություն ապահովող սարքավորումները£ Այս աշխատանքի արդյունքում  նախադրյալներ ստեղծվեցին որպեսզի ՀՀ ԳԱԱ գիտական ցանցը միանա համաեվրոպական GEANT ցանցին: Այս դրամաշնորհային ծրագրի արդյունքում գրադարաններին տրամադրած համակարգիչների օգնությամբ են իրականացվում ինստիտուտների համահավաք քարտարանի ստեղծման աշխատանքները:
2. Մագիստրոսական ծրագրի պատրաստում գրադարանային գործ մասնագիտացմամբ: Իրականացնում է ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի հետ: Դրամաշնորհ Եվրամիության “ՏԵՄՊՈՒՍ” ծրագրից:
2009թ. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում բացվել է “Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ” մասնագիտացումը, որտեղ ուսանողները կսովորեն գրադարանային գործի կազմակերպման արդի մեթոդները: Առարկայաշարերը պատրատվել են Եվրոպական երեք` Շոտլանդիայի Ռոբերտ Գորդոնի համալսարանի, Բարսելոնայի համալսարանի, Պարմայի համալսարանի  գրադարանային ֆակուլտետների դասախոսների օգնությամբ և համապատասխանում են եվրոպական կրթական տարածքի կողմից առաջադրվող պահանջներին:  
3. Երկարաժամկետ պահպանության համար հայ հնատիպ գրքի թվայնացում: Դրամաշնորհ Բրիտանական գրադարանի “Վտանգված արխիվներ” ծրագրից: Նվիրվում է հայկական տպագրության հիմնադրման 500 ամյակին: Ծրագրի հիմնական նպատակն է խտասալիկների վրա գրանցել գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն և 19-րդ դարի հայատառ ամսագրերը և թերթերը: Այս աշխատանքի արդյունքում ընթերցողներին հասանելի կդառնա այդ նյութերի թվային տարբերակները, և որպես արդյունք, գրադարանի աշխատակազմը իր ողջ ուշադրությունը կկարողանա կենտրոնացնել այդ նյութերի պահպանության և խնամքի վրա` զերծ պահելով դրանք ընթերցողի հետ շփումներից:
Այսօրվա դրությամբ թվայնացված է 127 հնատիպ գիրք և “Մուրճ”  ու “Արարատ” ամսագրերի` 235 համար: Հնատիպ գրքերի նկարահանված օրինակները համապատասխան մշակումից հետո տեղադրվում են համացանցում հանրային օգտագործման համար:
4. Երկարատև բանակցություններից հետո գրադարանը ստորագրեց պայմանգիր Համընդհանուր տասնորդական դասակագում (ՀՏԴ) կոնսորցիումի հետ, որով ստացավ ՀՏԴ-ն անգելերնից հայերեն թարգմանելու և այն հրատարակելու արտոնություն:
Դասակարգման այս սխեման լայնորեն կիրառվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքի երկրներում և նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն հանդիսանում է գիտելիքի դասակարգման ամենահայտնի և ամենատարածված համակարգերից մեկը և ակտիվորեն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ գրադարանների, արխիվների և տեղեկատվական կենտրոնների կողմից: Առ այսօր Հայաստանի գրադարանները օգտագործում են ՀՏԴ-ի ռուսերեն տարբերակը, որը գնվում է Մոսկվայի Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտից£ ՀՏԴ-ի հայերեն թարգմանությունը ունի գիտական մեծ արժեք և լայն կիրառում կգտնի հայաստանի բոլոր գրադարաններում: 
Հաշվետու տարում պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների և գրադարանավարների հետ, որտեղ ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները: Անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրմանը, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: Ակադեմիական ինստիտուտների գրադարանավարների համար գրադարաններում ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ կազմակերպվել են ճանաչողական դասընթացներ: