You are here

ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  2012թ.

    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/ և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները: ՀԳԳ-ն իր հավաքածուներում ունի 3.026776 գրադարանային միավոր, որից 863156ª եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 6613 գրադարանային միավոր /այդ թվում 3446 միավոր գիրք, պարբերականների 2773 միավոր և 394 այլ նյութեր/: Ստացվել է և ֆոնդ է հանձնվել  թերթերի 1925 միավոր։ ՀԳԳ-ի գրադարանային աշխատողների թիվը կազմում է 64 աշխատակից, որից` բարձրագույն մասնագիտական կրթությամբ` 13, բարձրագույն ընդհանուր կրթությամբ` 44, միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 2, թերի բարձրագույն կրթությամբ` 4, ընդհանուր միջնակարգ կրթությամբ` 1 աշխատակից:
2012թ. ՀՀ ԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել է 24325 ընթերցող, որոնց սպասարկվել է 663774 գրադարանային միավոր: Ակադեմիական բոլոր գրադարանների հավաքածուները, վերահաշվառումից և որոշ գրադարանների միացումից հետո   կազմում են 4,283,817 գրադարանային միավոր: Հաշվետու տարում ՀԳԳ-ի և ակադեմիական բոլոր գրադարանների կողմից ձեռք է բերվել 16878 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ն միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 350 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 2457գրադարանային միավոր (230 միավոր գիրք, 2206 միավոր ամսագիր և 21 այլ նյութեր): Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին առաքել ենք 1389 միավոր հրատարակություն /51 միավոր գիրք, 1338 միավոր ամսագիր/: Շարունակվում է 2009 թվականից վերսկսված Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակած 142 անուն պարբերականների կանոնավոր ստացումը£ 2012 թվականին ստացվել է 1150 միավոր ամսագիր։ Բոլոր այդ ամսագրերը ընթերցողներին հասանելի են թիվ 3 ընթերցասրահում£
Հաշվետու տարում կարգայինից չափսային դասավորության վերադասավորվել է 10,000 միավոր գիրք: Այսօրվա դրությամբ վերադասավորված է 41000 միավոր գիրք:  Այս աշխատանքները կշարունակվեն նաև 2013 թվականին£
Ընթերցողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ն կազմակերպել է 44 նորույթների և 2 թեմատիկ ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 3075 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «Հովսեփ Օրբելի-125», «Հայոց ցեղասպանություն-97»:
Ընթերցողների սպասարկման որակի բարձրացման նկատառումներից ելնելով ընթերցասրահներն աշխատում են բաց դարակային սպասարկման սկզբունքով: Գրադարանը աջակցում է կրթական հաստատությունների գրադարաններին տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես, Գավառի համալսարանի գրադարանին տրամադրվել է 1003 միավոր մասնագիտական և գեղարվեստական գրականություն, իսկ «Առաջնորդական դպրոց» հիմնադրամի միջոցով Արցախի մի քանի դպրոցներին  գրադարանը տրամադրել է 300 միավոր ուսումնական և գեղարվեստական գրականություն։
Գրապահոցում հետևողական աշխատանք է տարվել հավաքածուների ստուգման, պահպանման, վերականգնման, հիգիենիկ մշակման, տեղաշարժի աշխատանքներ: Ավարտվել է 1995-2001թ. հայերեն և ռուսերեն լեզուներով թերթերի ստուգումը, դասավորումը ըստ տարիների, ամիսների և համարների, դրանք կազմվում և արդեն կազմված վիճակում տեղադրվում են ֆոնդում: Այս տարի պատրաստվել է թերթերի մոտ 700 լրակազմ։
Գիտաշխատողների, ուսանողների և ասպիրանտների տեղեկատվական հարցումների առավել լիարժեք բավարարման համար ՀԳԳ-ն շարունակում է ընթերցողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ£ Այսպես, ՀԳԳ-ն իրականացրել է “Oxford” հրատարակչության էլեկտրոնային պաշարների բաժանորդագրությունը, որը կշարունակվի մինչև 2013թ. ապրիլի 30-ը: Բանակցություններն այլ հրատարակիչների հետ շարունակվում են£ 2012թ. ընթացքում գրադարանն իր ներքին ռեսուրսների հաշվին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցների պատվերներով իրականացրել է ավելի քան 350 էլեկտրոնային գիտական հոդվածների պատվերների ընդունում և տրամադրում£
    Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման  աշխատանքները: Հաշվետու տարվա ընթացքում  քարտարան է մուտքագրվել 38374  գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 4857 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 445,516  գրադարանային միավոր: Ընթացքի մեջ է Համազասպ Համբարձումյան ֆոնդի նյութերի մուտքագրումը էլեկտրոնային քարտարան։ Ավարտվել է ռուսալեզու երկրորդ ձևաչափով նյութերի, Զեքիյան և Լ.Նալբանդյան  ֆոնդի նյութերի մուտքագրումը էլեկտրոնային քարտարան:
ՀԳԳ-ն, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին, դրանց  արդիականացման և նորովի աշխատելու առումով£ Աշխատանքները տարվել են երկու հիմնական ուղղություններով՝ գրադարանավարների մասնագիտական վերապատրաստում և ինստիտուտների գրադարաններին թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում ներգրավում£ Մշակման բաժնի աշխատակիցները դասընթացներ են անցկացրել ԳԱԱ ինստիտուտների գրադարանավարների համար՝ ծանոթացնելով էլեկտրոնային համահավաք գրացուցակի ձևավորման աշխատանքների մեթոդաբանությանը և յուրաքանչյուր տարի, ծրագրային փոփոխությունների դեպքում, լրացուցիչ աշխատանքներ են կատարվել  այդ ուղղությամբ£ Արդյունքում 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է ԳԱԱ ինստիտուտների գրադարանների համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, որոնք հաշվետու տարվա ընթացքում մուտքագրել են 8908 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատունակությունը իրականացվում է ՀԳԳ աշխատակազմի կողմից։
      Հսկայական աշխատանքներ են տարվում հայագիտական ուղղվածության «Հայկականք» հանգույցի ձևավորման ուղղությամբ։ Իրականացվում է հայ հնատիպ (1512-1800 թթ.) և վաղ շրջանի գրքերի (1801-1850 թթ., 1851-1900 թթ., 1901-1920 թթ.), ԳԱԱ ակադեմիական ամսագրերի (տպագրման առաջին տարվանից մինչ մեր օրերը) թվայնացման, գրադարանի կայք էջում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրման գործում։
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը ավարտեց հայ հնատիպ գրքի կայք էջում խմբագրման աշխատանքները (225 գիրք, 96.443 թվայնացված էջ)։ Բոլոր այդ գրքերը հասանելի են համացանցում՝ գրադարանի կայք էջից։ Ավարտվել է վաղ շրջանի (1801-1850 թթ. ) գրքերի /331 անուն, 173153 էջ/ թվայնացումն ու տեղադրումը համացանցում և ընթացքում է դրանց խմբագրումը։ Ընթացքում է նաև 1851-1920 թթ. հայատառ գրքերի /476 անուն, 94305 էջ/ տեղադրումը համացանցում։ Այս աշխատանքները նվիրված են հայկական տպագրուոթյան 500 ամյակին։ Պետք է նշել, որ այս տարի նշված աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ են ընթացել, քանի որ մեր գրադարանն ու Ազգային գրադարանը սկսեցին միասնաբար իրականացնել վերը նշված խնդիրները։ Ընդլայնելով այդ համագործակցությունը այժմ Հիմնարար գիտական գրադարանը նկարահանում է Ազգային գրադարանի ֆոնդերում եղած 19-րդ դարի թերթերը, իսկ Ազգային գրադարանը նկարահանում և կայք էջում տեղադրում է իր հավաքածուներում առկա հնատիպ և վաղ շրջանի գրքերը։ ՀԳԳ-ն համագործակցել է նաև «Հանրագիտարան»-ի խմբագրության հետ, նրանց տրամադրելով «Հայկական Սովետական հանրագիտարան»-ի ամբողջական թվայնացված տարբերակը, որը որոշակի խմբագրումից հետո պետք է տեղադրվի Wikipedia-ի կայք էջում։
Որպես հեռանկարային ուղղություն գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի£ Այսպես, հաշվետու տարվա ընթացքում  ավարտվել են «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ» (1943-1965, /1235 հոդված/), «Հայաստանի կենսաբանական հանդես» (1966-2005թթ., /2865 հոդված/), «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր։ Տեխնիկական գիտություններ» (1957-2001թթ.,  /360 հոդված/), «Պատմաբանասիրական հանդես» » (1958-2010թթ., /2388 հոդված/) ամսագրերի հոդվածների մատենագիտական նկարագրությունների համակցումով (ըստ ePrint ծրագրի) և տեղադրվել են գրադարանի կայք էջում:
Ընթացքում է «Հայաստանի քիմիական հանդես»  1990-2000թթ. (410 հոդվ., 2637 էջ), «Լրաբեր հասարակական գիտություններ» 1966-2010թթ. (2342 հոդվ., 20681 էջ), «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» 1956-78թթ. (1768 հոդվ., 9872 էջ) ։ Սկսվել է «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր: Գիտություններ երկրի մասին», «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Ֆիզիկա», «Հայաստանի քիմիական հանդես», «Հայաստանի բժշկագիտություն» ամսագրերի թվայնացումը։
    Հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների համացանցով տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ն ծրագրավորել է թվայնացնել ԳԱԱ-ի հրատարակած շուրջ 30 անուն հայագիտական մատենաշարային և շարունակական հրատարակությունները ինչպիսիք են Արևելյան աղբյուրքգիտություն, Լեզվի և ոճի հարցեր, Կանթեղ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական Հետազոտությունների կենտրոն։ Գիտական աշխատություններ, Գրական բանասիրական հետախուզումներ և այլն։
    Ակադեմիական մատենաշարերի թվայնացմանը զուգահեռաբար հատուկ ուշադրություն է դարձվում նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ստեղծման և առցանց հասանելի դարձնելու գործին։ 2012թ ամբողջապես ձևավորվել է և տեղադրվել է համացանցում հայ առաջին ազգագրական պարբերականների՝ «Ազգագրական հանդեսի» /1896-1916թթ., 26 հատոր/ և «Էմինյան ազգագրական ժողովածուի» /1901-1913թթ., 9 գիրք/ թվային պատճեները։ Ընթացքում է «Լումա» գրական հանդեսի /1896-1911թթ., 80 համար/ թվային շտեմարանի սրեղծման գործընթացը։
    Այս աշխատանքները կշարունակվեն 2013 թվականին ևս։ Նկատի ունենալով թվայնացման ենթակա նյութերի ծավալների անընդհատ աճը, գրադարանը ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության» ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակնարում ձեռք բերեց ավտոմատ նկարահանող մի սարք, որն է´լ ավելի արագացրեց թվայնացման գործընթացը։ Գրադարանը շարունակել է իր համագործակցությունը «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի խմբագրությունների հետ, աջակցելով այդ ամսագրերի հոդվածների տեղադրմանը համացանցում։   Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ 2012թ. թվայնացվել  և գրադարանի կայք էջում  տեղադրվել է  10 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների    կենսամատենագիտություններ։ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություն»  բաժնում ստեղծվել է  «ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ» ենթաբաժինը, որտեղ ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի հետ համատեղ կազմվել և տեղադրվել է 12 արտասահմանյան անդամների կենսամատենագիտությունները: Շարունակվել են աշխատանքները «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման ուղղությամբ£ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից£          
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայք էջից հասանելի է գրադարանի մասնագետների կողմից թարգմանված  «Համընդհանուր տասնորդական դասակարգման»  հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում  հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով:
     Ընդլայնվել է համակարգչային ցանցը: Ընթերցասրահներում ընթերցողների ազատ օգտագործման համար տրամադրված են հանրային օգտագործման համակարգիչներ։ Ինտերնետային կապը տրամ տրամդրվում է «Յուքոմ» ընկերության կողմից:

Գրադարանը մասնակցում է երեք միջազգային ծրագրի.

1.    Մագիստրոսական ծրագրի պատրաստում գրադարանային գործ մասնագիտացմամբ£ Իրականացնում է ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի հետ£ Դրամաշնորհ Եվրամիության «ՏԵՄՊՈՒՍ» ծրագրից£
2009թ. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում բացվել է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» բաժինը, որտեղ ուսանողները սովորում են գրադարանային գործի կազմակերպման արդի մեթոդները: Առարկայաշարերը պատրաստվել են Եվրոպական երեք՝ Շոտլանդիայի Ռոբերտ Գորդոնի համալսարանի, Բարսելոնայի համալսարանի, Պարմայի համալսարանի  գրադարանային ֆակուլտետների դասախոսների օգնությամբ և համապատասխանում են եվրոպական կրթական տարածքի կողմից առաջադրվող պահանջներին£  Այժմ նշված բաժնում սովորում է 27 ուսանող։
2.    Հեռաուսուցման համար բովանդակության ձևավորման կենտրոնի ստեղծման նպատակով ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը ՆԱՏՕ-ից ստացել է դրամաշնորհ ։ ՆԱՏՕ-ի կողմից ծրագրի եվրոպական համատնօրեն է նշանակված Ալան Հոպկինսոնը (Միդլսեքս համալսարան, Լոնդոն), Հայաստանից՝ Տիգրան Զարգարյանը (ՀՀ ԳԱԱ ՀԳԳ)։
Ծրագրի հիմնական նպատակներն են.
ա/ արագագործ նկարահանող սարքի ձեռք բերում։
բ/ թվային բովանդակության տեղադրում «ԱրմԿլաստեր»-ի հանգույցներում։
գ/ Հնարավորության դեպքում շտեմարանները «Ստեղծագործական համայնքենր» հեղինակային իրավունքի արտոնագրով պաշտպանելը։
դ/ Բովանդակությունը հասանելի դարձնել հանրության լայն խավերին։
3. Ինտերնետ Միություն (ISOC) դրամաշնորհային ծրագիր կոմիտեն ընտրեց ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «բովանդակության ձևավորման կենտրոնի ստեղծում»  ծրագիրը:
 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, իր 30 - հետազոտական հաստատությունների հետ գիտական հրապարակումների առաջատար ստեղծողն է Հայաստանում: Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հետազոտական հաստատություններից մեկն է և  Հայաստանի Հանրապետությունում հիմնական և ամենամեծ գիտական հրապարակումների շտեմարանը :
Դա Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ամենահզոր տեղեկատվական և մատենագիտական ծառայությունների կենտրոնն է. Ներկայումս ԳԱԱ-ն հրապարակում է 3 բաց մատչելիության ամսագիր – «ֆիզիկայի հայկական հանդես»,« Հայկական մաթեմատիկական հանդես»  և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» և այդ բոլոր 3 ամսագրերը տեղադրված  են ՀԳԳ կայք էջում։
Հաշվետու տարում պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների և գրադարանավարների հետ, որտեղ ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները: Անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: