You are here

ՀՀ ԳԱԱ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ  2013թ.

    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 30 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը /ՀԳԳ/ և ակադեմիական ինստիտուտների 29 ճյուղային-մասնագիտական գրադարանները: ՀԳԳ-ն իր հավաքածուներում ունի 3,031 997 գրադարանային միավոր, որից 864360ª եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 5221 գրադարանային միավոր /այդ թվում 2160 միավոր գիրք, պարբերականների 2572միավոր և 489 այլ նյութեր/: Ստացվել և ֆոնդ է հանձնվել  թերթերի 1900 միավոր։ ՀԳԳ-ի գրադարանային աշխատողների թիվը կազմում է 64 աշխատակից, որից` բարձրագույն մասնագիտական կրթությամբ` 15, բարձրագույն ընդհանուր կրթությամբ` 44, միջնակարգ մասնագիտական կրթությամբ` 3, թերի բարձրագույն կրթությամբ` 2 աշխատակից:
2013թ. ՀՀ ԳԱԱ բոլոր գրադարաններից օգտվել է 25560 ընթերցող, որոնց սպասարկվել է 771260 գրադարանային միավոր: Ակադեմիական բոլոր գրադարանների հավաքածուները, վերահաշվառումից և որոշ գրադարանների միացումից հետո   կազմում են 4,296 834 գրադարանային միավոր: Հաշվետու տարում ՀԳԳ-ի և ակադեմիական բոլոր գրադարանների կողմից ձեռք է բերվել 1516951 գրադարանային միավոր:
ՀԳԳ-ն միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 347 կազմակերպությունների հետ, որոնցից ստացվել է 2280 գրադարանային միավոր (294 միավոր գիրք, 1986 միավոր ամսագիր): Միջազգային գրքափոխանակության գծով արտասահմանյան մեր գործընկերներին առաքել ենք 1205 միավոր հրատարակություն /119 միավոր գիրք, 1086 միավոր ամսագիր/: Շարունակվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հրատարակած 142 անուն պարբերականների կանոնավոր ստացումը£ 2013 թվականին ստացվել է 1115 միավոր ամսագիր։
Հաշվետու տարում կարգայինից չափսային դասավորության վերադասավորվել է 9,000 միավոր գիրք: Այսօրվա դրությամբ վերադասավորված է 50,000 միավոր գիրք:  Այս աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին£
Գրադարանը աջակցում է կրթական հաստատությունների գրադարաններին տրամադրելով նրանց անհրաժեշտ գրականություն։ Այսպես, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանին տրամադրվել է 60 միավոր մասնագիտական և գեղարվեստական գրականություն, իսկ Չինար գյուղի  գրադարանին   տրամադրել է 100 միավոր ուսումնական և գեղարվեստական գրականություն։
Ընթերցողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ հաշվետու տարում ՀԳԳ-ն կազմակերպել է 44 նորույթների և 3 թեմատիկ ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 3609 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Դրանցից հիշատակության են արժանի «Իվան Վասիլի Եղիազարով», «ՀՀ ԳԱԱ  գիտաժողով», «Ակադեմիա 70»:
Գրապահոցում հետևողական աշխատանք է տարվել հավաքածուների ստուգման, պահպանման, վերականգնման, հիգիենիկ մշակման, տեղաշարժի աշխատանքներում: Շարունակվում է հայերեն և ռուսերեն լեզուներով թերթերի ստուգումը, դասավորումը ըստ տարիների, ամիսների և համարների, դրանք կազմվում և արդեն կազմված վիճակում տեղադրվում են ֆոնդում: Այս տարի պատրաստվել է թերթերի մոտ 200 լրակազմ։
Ընթերցողների սպասարկման որակի բարձրացման նկատառումներից ելնելով, ընթերցասրահներն աշխատում են բաց դարակային սպասարկման սկզբունքով: Ընթերցասրահներում ընթերցողների ազատ օգտագործման համար տրամադրված են հանրային օգտագործման համակարգիչներ։ Շարունակվում է ընթերցողական գրքույկների նորացման գործընթացը։ Աշխատանքներ են տարվում ընթերցողների կողմից էլեկտրոնային տեսքով պատվերներ ստանալու և դրանք սպասարկելու ուղղությամբ։
Գրադարանը հագեցած է հզոր համակարգչային ցանցով, որն ապահովում է արխիվացված նյութերի պահպանությունն ու նյութերի առցանց տրամադրումը։
Գիտաշխատողների, ուսանողների և ասպիրանտների տեղեկատվական հարցումների առավել լիարժեք բավարարման համար ՀԳԳ-ն շարունակում է ընթերցողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ£
    Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման  աշխատանքները: Հաշվետու տարվա ընթացքում  քարտարան է մուտքագրվել 25167  գրադարանային միավոր գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 4598 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 470,683  գրադարանային միավոր:
ՀԳԳ-ն, որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին, դրանց  արդիականացման և նորովի աշխատելու առումով£ Արդյունքում 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է ԳԱԱ ինստիտուտների գրադարանների համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, որոնք հաշվետու տարվա ընթացքում մուտքագրել են 6439 գիրք: Ինստիտուտների գրադարանների համահավաք գրացուցակի սպասարկող կայանի և ծրագրային միջավայրի աշխատունակությունը իրականացվում է ՀԳԳ աշխատակազմի կողմից։
  Զգալի աշխատանքներ են տարվում ՀԳԳ-ի թվային գրադարանի ձևավորման գործում։ Հատուկ ուշադրություն է դարձվում հայագիտական ուղղվածության «Հայկականք» հանգույցի ձևավորման ուղղությամբ։  Իրականացվել է «Հայ գիրք» շտեմարանի հայ հնատիպ գրքի (1512-1800 թթ.) և վաղ շրջանի գրքերի (1801-1850 թթ., 1851-1900 թթ., 1901-1920 թթ.), ԳԱԱ ակադեմիական ամսագրերի (տպագրման առաջին տարվանից մինչ մեր օրերը) թվայնացման, գրադարանի կայք էջում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրման գործում։ Այսպես, հաշվետու տարվա ընթացքում  ավարտվեց  ՀՀ ԳԱԱ գիտական ամսագրերի /18 անուն 2389 համար  34443 հոդված, 248792 էջ/   թվային շտեմարանների ստեղծումը  ։
Ավարտվել է վաղ շրջանի (1801-1850 թթ. ) գրքերի /331 անուն, 173153 էջ/ խմբագրումը։ Ընթացքում է 1851-1920 թթ. հայատառ գրքերի /476 անուն, 94305 էջ/ տեղադրումը համացանցում։  Պետք է նշել, որ նշված աշխատանքներն ավելի արագ և արդյունավետ են ընթանում, քանի որ մեր գրադարանն ու Ազգային գրադարանը  միասնաբար են իրականացնում վերը նշված նդիրները։  ՀԳԳ-ն համագործակցել է նաև «Հանրագիտարան»-ի խմբագրության հետ, նրանց տրամադրելով «Հայկական Համառոտ հանրագիտարան»-ի ամբողջական թվայնացված տարբերակը, որը որոշակի խմբագրումից հետո պետք է տեղադրվի հայկական «Վիքիպեդիայում»։
    Հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների համացանցով տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ն ակադեմիական գիտահետազոտական հաստատությունների՝ Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Լեզվի և Գրականության ինստիտուտների կողմից հրատարակվող մատենաշարային հրատարակությունների 13 անուն և ընթացքում են ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունների շարունակական հրատարակությունների թվայնացման աշխատանքները։ Արդեն թվայնացվել են հետևյալ շարունակական հրատարակությունները.
1.    Շեքսպիրական/ Հայկական շեքսպիրյան տարեգիր
2.    Բնագիտության և տեխնիկայի պատմությունից/ Գիտական աշխատությունների ժողովածու  
3.    Հայաստանի ֆլորան, բուսականությունը և բուսական ռեսուրսները/Գիտական աշխատությունների ժողովածու
4.     Լեզվի և ոճի հարցեր/ Գիտական աշխատությունների ժողովածու
Սեպտեմբեր ամսվանից մինչ օրս նկարվել է 4015  էջ, մուտքագրվել և խմբագրվել է  ավելի քան 350 հոդված։
    Ակադեմիական մատենաշարերի թվայնացմանը զուգահեռ հատուկ ուշադրություն է դարձվում նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ստեղծման և առցանց հասանելի դարձնելու գործին։
    Հաշվետու տարում ձևավորվել է «Հայ մամուլ» շտեմարանը։ «Հայ մամուլ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր երկրներում հրատարակված հայատառ հանդեսներն ու թերթերը: Գրացուցակում գրառված են նաև այլալեզու, ինչպես նաև երկլեզվյան ու բազմալեզվյան մամուլի այն վերնագրերը, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։Այս շտեմարանում մուտքագրվել է 390 անուն թերթ, 199 անուն ամսագիր, ստեղծվել է 11 անուն թերթի և 17 անուն ամսագրի գրացուցակ ։
    ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ ստեղծվեց «Ակադեմիա-70» շտեմարանը, որի ձևավորման աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի Ազգային գրադարանը և որի հավաքածուն պարունակում է Ակադեմիայի պատմությանը վերաբերող 181 փաստաթուղթ։
Գրադարանը մշտապես համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի խմբագրությունների հետ, աջակցելով այդ ամսագրերի հոդվածների տեղադրմանը համացանցում։   Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները£ Հաշվետու ժամանակահատվածում մուտքագրվել և խմբագրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների  7 կենսամատենագիտություն և տեղադրվել կայք էջում:  «ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ» ենթաբաժնում  ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի հետ համատեղ կազմվել և տեղադրվել է 9 արտասահմանյան անդամների կենսամատենագիտությունները: Պարբերաբար ստուգվում և ավելացվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների շտեմարանը։ Շարունակվել են աշխատանքները «Մամուլը գիտության մասին» շտեմարանի ձևավորման ուղղությամբ£ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից բաց մատչելիության սկզբունքով£  Միայն 2013թ. ՀԳԳ-ի թվային գրադարանի այցելուների թիվը անցել է 120000-ից։               
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայք էջից հասանելի է գրադարանի մասնագետների կողմից թարգմանված  «Համընդհանուր տասնորդական դասակարգման»  հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում  հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով:
     ՀԳԳ-ն ակտիվորեն մասնակցում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում գործող  «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» բաժնի կրթական գործընթացին, որտեղ ուսանողները սովորում են գրադարանային գործի կազմակերպման արդի մեթոդները: Առարկայաշարերը համապատասխանում են եվրոպական կրթական տարածքի կողմից առաջադրվող պահանջներին£  Այժմ նշված բաժնում սովորում է 29 ուսանող։
Հաշվետու տարում պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների, գիտաշխատողների և գրադարանավարների հետ, որտեղ ներկայացվել են գրադարանի էլեկտրոնային պաշարները և դրանցից օգտվելու եղանակները: Անց են կացվել գործնական դասընթացներ էլեկտրոնային պաշարների օգտագործման եղանակներին, գրականության մուտքագրման, ավտոմատացման և թվայնացման աշխատանքների կազմակերպման, նյութի փնտրման մեթոդներին ծանոթանալու նպատակով: