You are here

2000 թ. «Բաց հասարակության ինստիտուտը» գրադարանային հանրությանն առաջարկեց պատրաստել հայաստանյան գրադարանների ավտոմատացված ցանցի ստեղծման հայեցակարգը։ Ստեղծվեց աշխատանքային խումբ հետևյալ կազմակերպությունների մասնագետներից՝ Ազգային գրադարան, Ազգային գրապալատ, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան, Երևանի պետական համալսարանի գրադարան, որոնք էլ ձեռնամուխ եղան հայեցակարգի պատրաստմանը։ Հայեցակարգը արժանացավ ԲՀԻ եվրոպական կենտրոնակայանի  գրադարանային փորձագետների հավանությանը։ Աշխատանքների իրականացման համար ստեղծվեց գրադարանային կոնսորցիում։ Պատրաստվեց գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրա-տեխնիկական համակարգի ընտրության տեխնիկական առաջադրանքը։ Նախագծին տրվեց «Հայաստանի գրադարանային ավտոմատացված ցանցի ստեղծում» անվանումը։
Անցած 10 տարիների ընթացքում, գրադարանների տեխնիկական վերազինման համար «Բաց հասարակության ինստիտուտ»-ը կատարել է շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրում, այդ թվում՝ ձեռք են բերվել երկու «ՍԱՆ 450» և մեկ  ԴԵԼԼ դասի սպասարկող կայաններ,գրադարանային գործընթացների ավտոմատացման, և Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծման «ԱԼԵՖ» ծրագրային համակարգը, ավելի քան 30 «Պենտիում 4» դասի համակարգիչ՝ գրադարաններում մուտքագրման աշխատանքերի կազմակերպման համար, մասնակից գրադարանների միջև անցկացվել է լուսա մանրաթելային կապ։
Որպես ձեռքբերումներ հարկ է նշել, որ առ դեկտեմբեր 2010 թվական Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը պարունակում է մատենագիտական գրառումներ մոտ 3 միլիոն գրքերի մասին, ԲՀԻ-ն աջակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային՝ երկու բաց մատչելիության գիտական ամսագրերի հրատարակման հարցում՝ «Հայկական մաթեմատիկական հանդես« և «Ֆիզիկայի հայկական հանդես», աջակցել է զեղչ գներով իրականացնել բաժանորդագրություն առաջատար գիտական հանդեսների էլեկտրոնային շտեմարաններին։
Հաճելի է նշել, որ Մշակույթի նախարարությունը վերջին տարիներին ևս աջակցում է Հայաստանի գրադարաններին՝ վճարելով «ԱԼԵՖ» համակարգի տարեկան սպասարկման վարձը, ինչպես նաև ձեռք բերելով արտոնագրեր «EBSCO» հրատարակչության շտեմարաններից օգտվելու համար։

Բեռնաթափել շնորհանդեսը