You are here

2008թ. դեկտեմնբերի 16-ին “Կոնգրես” հյուրանոցի “Պիկասսո” սրահում տեղի ունեցավ բաց մատչելիության սկզբունքով հրատարակվող ”Հայաստանի մաթեմատիկական հանդես” և “Հայաստանի ֆիզիկական հանդես” էլեկտրոնային ամսագրերի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին  գիտնականներ ՀՀ ԳԱԱ կառույցներից, համալսարաններից, գիտական ամսագրերի խմբագիրներ, գիտական գրադարանների ներկայացուցիչներ: Նախագիծը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի կողմից։
Շնորհանդեսի բացուման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Ա. Շահինյանը ներկայացնելով ՀՀ ԳԱԱ բաց մատչելիության երկու էլեկտրոնային ամսագրերը`”Հայաստանի մաթեմատիկական հանդես”-ը և “Հայաստանի ֆիզիկական հանդես”-ը: Նա ՀՀ ԳԱԱ նախագահի անունից շնորհավորեց այս նախաձեռնությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ  “Բաց հասարակության ինստիտուտ”-ի ներկայացուցիչ Անդրանիկ Մարկոսյանը:
Ծրագրի ղեկավար` Տիգրան Զարգարյանը ներկայացրեց ծրագրի իրականացման նպատակներն ու հեռանկարները: Տեղեկացրեց, որ Հայաստանի "Բաց Հասարակության Ինստիտուտ"  հիմնադրամը 2008թ. աջակցել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանին մեկ տարվա դրամաշնորհով`  ներդնելու գիտական հաղորդակցության համակարգ` հիմնված բաց մատչելիության վրա: Սույն ծրագիրը նպատակ ունի ներկայացնել բաց մատչելիության սկզբունքի վրա հիմնված հրատարակչական մոդել`որպես կոմերցիոն հրատարակչական ծրագրերին այլընտրանք, ինչը շատ հեռանկարային է և խիստ անհրաժեշտ  մեր գիտական հանրությանը: Այնուհետև “Հայաստանի ֆիզիկական հանդես”-ի գլխավոր խմբագիր`ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը ներկայացրեց ամսագիրը, նշեց, որ խմբագրական կազմում ներգրավված են ոչ միայն հայաստանցի մասնագետներ այլ նաև արտասահմանյան ներկայացուցիչներ, մի հանգամանք, որի շնորհիվ շատ բարձր է լինում ներկայացված հոդվածների մակարդակը:
”Հայաստանի մաթեմատիկական հանդես”-ը ներկայացրեց ամսագրի գլխավոր խմբագիր` ակադեմիկոս Անրի Ներսեսյանը: Նա նշեց, որ խմբագրական կազմում նույնպես ներգրավված են ոչ միայն մասնագետներ Հայաստանից այլ նաև արտասահմանյան գիտնականներ: Նշեց նաև, որ այսպսի ամսագիր թողարկելու համար շատ ավելի քիչ ծախսեր է պահանջվում  քան տպագիր տարբերակի համար:   Առաջիկայում նախատեսված է ամսագրում ներգրավել նաև գիտական թեզեր:
Ներկաները ելույթների ընթացքում արեցին բազմաթիվ կարևոր առաջարակներ, որոնք հաշվի կառնվեն աշխատանքների հետագա փուլերում։