Համառոտ տարեգրություն

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը/ՀԳԳ/ հիմնադրվել է 1935թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին/ԱրմՖԱՆ/ կից` իբրև ԱրմՖԱՆ-ի կենտրոնական գրադարան:
1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀԳԳ-ը գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն:
1944թ. ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը հաստատեց Կենտրոնական գրադարանին կից առաջին Գրադարանային խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկվեցին անվանի գիտնականներ Վ.Հ. Համբարձումյանը(նախագահ), Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Կ.Վ. Տրեվերը, Խ.Ս. Սարգսյանը, Ա.Գ. Արարատյանը, Ռ.Կ. Կարախանը, ինչպես և գրադարանային գործի մասնագետներ Ե.Ի Կոչուբինան(գրադարանի վարիչ), Ա.Ս. Բաբայանը, Լ.Բ. Մելքումյանը և Վ.Ն. Կարմենյանը:
1944թ. նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը որոշում ընդունեց վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և այն անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ գրադարան:
ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի 1944թ. որոշմամբ Ֆունդամենտալ գրադարանն ընդգրկվեց միութենական գիտական գրադարանների  երկրորդ կարգի մեջ: 1957թ. Ֆունդամենտալ գրադարանը դասվել է երրորդ կարգի գիտական հիմնարկությունների խմբին և այդ ժամանակվանից կոչվում է Ֆունդամենտալ գիտական գրադարան:
Մինչև 1959թ. ՖԳԳ-ը գործել է Աբովյան 15 հասցեում գտնվող ԳԱ Նախագահության շենքում: 1959թ. ԳԱ Նախագահության  նոր շենքի շահագործման հանձնվելուց հետո ՀԳԳ-ը գործել է Բաղրամյան 24 հասցեում: 1980թ. հունվարին ՀԳԳ-ը տեղափոխվել է հատուկ գրադարանի համար կառուցված մասնաշենք` Բաղրամյան 24/6 հասցեում:
1965թ. ՖԳԳ-ում ստեղծվել է առաջին անհատական ֆոնդը` պրոֆ. Համազասպ Համբարձումյանի անձնական գրադարանի նվիրատվության հիման վրա: Այժմ գրադարանում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով տարբեր տարիներին ստացված 28 գրքային հավաքածուներ, որոնց գրականության ընդհանուր քանակը կազմում է մոտ 92.679 գրադարանային միավոր: 1986թ. ՖԳԳ-ը դասվում է ակադեմիական առաջին կարգի գրադարանների խմբին:
2002թ. սեպտեմբերի 12-ի ՀՀ Կառավարության Որոշմամբ ՖԳԳ-ը վերակազմավորվել է որպես “ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան” պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Պատմական ակնարկ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն /ՀԳԳ/ իր հավաքածուների ծավալով հանրապետության խոշորագույն գիտական գրադարանն է, գիտական տեղեկատվության կենտրոն, որն իրականացնում է ինչպես ՀՀ ԳԱԱ, այնպես էլ ողջ հանրապետության գիտահետազոտական հիմնարկների և մասնագետների գրադարանամատենագիտական և գիտատեղեկատվական սպասարկումը: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հիմնադրվել է 1935թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին /Արմֆան/ կից:
1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն:
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը բազմապրոֆիլային գրադարան է, որի գործունեության կարևորագույն խնդիրներից են գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրքի պատմության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքը, հանրապետական և արտասահմանյան գրադարանների և զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ գիտական, մշակութային և տեղեկատվական կապերի իրականացումը, թվանշային գրադարանի մոդուլների նախագծումը և ներդրումը, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտումը։
ՀԳԳ-ն իրականցնում է նաև ԳԱԱ համակարգի գիտական հիմնարկների մասնագիտացված-ճյուղային գրադարանների մեթոդական ղեկավարությունը և նրանց գործունեության համակարգումը: Այժմ համակարգում գործում են 28 ակադեմիական գրադարաններ, որոնք իրենց հավաքածուներում ունեն 1,142,068 գրադարանային միավոր և սպասարկում են ավելի քան 4800 օգտվողների: ՀԳԳ-ը, որպես մեթոդական կենտրոն, աջակցում է ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գրադարաններին, դրանց արդիականացման և նորովի գործելու նպատակով, ինչի շնորհիվ ապահովվել է գրադարանավարների մասնագիտական վերապատրաստումը և ինստիտուտների գրադարանների ներգրավումը թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում, և արդեն իսկ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է էլեկտրոնային համահավաք քարտարանի ձևավորման աշխատանքներում։
Հարուստ և բազմազան է ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի ֆոնդը, որը բաղկացած է 3,062,821 գրադարանային միավորից՝ բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ հրատարակություններից, որոնցից 870,381 օտար լեզուներով։ Ի թիվս այլ կարևոր խնդիրների ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր հավաքածուները հայատառ հրատարակություններով և բոլոր լեզուներով հայագիտական գրականությամբ համալրելու գործին: Գրադարանը հայատառ գրականության խոշոր պահոցներից է, որտեղ պահվում են մեծ թվով հայ հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ: Ուշադրության է արժանի գրադարանի հազվագյուտ և հնատիպ գրքերի հավաքածուն, որը բաղկացած է 16-18 դդ. հայերեն, ռուսերեն և եվրոպական լեզուներով բազմաթիվ մեծարժեք հրատարակություններից: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով ստացված 28 գրքային հավաքածուները: Այժմ գրադարանում պահպանվում են գիտության և մշակույթի երախտավորներ Համազասպ. Համբարձումյանի, Ավո Հովհաննիսյանի, Արմեն Թախտաջյանի, Հովսեփ և Կարապետ Կուսիկյանների, Գալուստ Գյուլբենկյանի, Արշակ Ալպոյաճյանի, Բ.Ժամկոչյանի, Լ.Նալբանդյանի, Արարատ Ղարիբյանի, Կ.Մերդինյանի, Պ.Պոստանճյանի, Հարութ Փամբուկյանի, Հովսեփ Էդգարյանի, Մ. Թերզյանի, Վաչե Նալբանդյանի, Լևոն Զեքիյանի, Գ. Ջահուկյանի և այլոց նվիրաբերած անձնական հավաքածուները, որոնք հարուստ են հատկապես մասնագիտական գրականությամբ:
Գրքային այս ողջ հարստությունը լայնորեն ի սպաս է դրված գրադարանի ավելի քան 16,000 օգտվողներին անհատական բաժնույթի ծառայության  ընթերցասրահի միջոցով:
Օգտվողների սպասարկումն արդիականացնելու նպատակով ընդլայնվել է համակարգչային ցանցը: Ընթերցասրահներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտացված առձեռն հավաքածուն, տեղադրված է և օգտվողներին է տրամադրված 25 համակարգիչ, որոնք միացված են համացանցին։
ՀՀ ԳԱԱ Հիմնարարար գիտական գրադարանը զգալի աշխատանք է կատարում արտասահմանյան գրադարանների և զանազան հաստատությունների հետ գիտական ու մշակութային միջազգային կապերի իրականացման ուղղությամբ: Այս բնագավառում ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության արդյունավետ կապեր ունի արտասահմանյան 50 երկրների 155 հաստատությունների /գրադարաններ, թանգարաններ, հրատարակչություններ, գիտական հիմնարկներ և այլն/ հետ: Գրադարանի արտասահմանյան գործընկերներից հիշատակության են արժանի ԱՄՆ Կոնգրեսի, Նյու Յորքի հՀանրային գրադարանները, Բրիտանական գրադարանը, Ֆրանսիայի Ազգային, գրադարանը, Ռուսաստանի պետական և Ռուսաստանի ազգային գրադարանները:
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ն իրականացրել է նաև հրատարակչական ծավալուն գործունեություն ընթացիկ ու թեմատիկ մատենագիտությունների և կենսամատենագիտությունների պատրաստման և տպագրության գծով, իսկ այժմ նաև առցանց:
Գրադարանը 15 հատորով լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ 1936-1986թթ. հրատարակությունների մատենագիտությունները, թեմատիկ մատենագիտությունների 23 պրակ և գրքագիտության հարցերին առնչվող 2 մենագրություն։
Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը պարբերաբար կազմակերպում է նորույթների և թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, որոնք նվիրված են մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին:
Վերջին տարիներին գրադարանը լուրջ քայլեր է ձեռնարկել իր գրադարանամատենագիտական գործունեության մեջ նոր, ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կիրառման ուղղությամբ՝ թվանշային գրադարանի ձևավորման նպատակով:
ՀԳԳ-ը հանրապետության մյուս խոշոր գրադարանների հետ մասնակցում է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» համալիր ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ ընթացքում է գրադարանի գրքային հավաքածուի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը: Որպես հեռանկարային ուղղություն գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի։ Հատուկ նշանակություն է տրվում ՀՀ ԳԱԱ գիտական ժառանգության՝ մենագրությունների, ամսագրերի, մատենաշարային և շարունակական հրատարակությունների, ինչպես նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ձևավորմանը՝ համացանցում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրելու նպատակով։
Հիմնարար գիտական գրադարանում թվայնացման գործընթացներն իրականացնելու նպատակով զգալի աշխատանք է կատարվել «Բաց կոդերով ծրագրերի» սկզբունքի հիման վրա ստեղծված մի շարք ծրագրային փաթեթների ընտրության, տեղայնացման, մշակման, տեղադրման և շահագործման ուղղությամբ։
Հսկայական աշխատանք է կատարվել հնատիպ և վաղ շրջանի գրքերի, ակադեմիական 13 անուն ամսագրերի թվայնացման և համացանցում հասանելի դարձնելու գործում։
Գրադարանը, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակում, ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների» ԳՀԻ և Պոզնանի գերհամակարգչային կենտրոնի հետ համատեղ ձեռնամուխ է եղել «Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցի» ձևավորման աշխատանքներին։ Նպատակն է՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքել գիտական ուղղվածության հրատարակությունների թվայնացված պատճենները, որով մեծապես կբարձրանա նյութերի փնտրման արդյունավետությունը և կստեղծվեն գիտաչափական տվյալների հավաքագման նախադրյալներ։ Համահայկական թվային գրադարանը հասանելի է համացանցի https://arar.sci.am/ հղումից։
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայք էջից հասանելի է գրադարանի մասնագետների կողմից թարգմանված «Համընդհանուր տասնորդական դասակարգման» հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով: Գրադարանի գործունեության արմատական արդիականացման, գրադարանամատենագիտական սպասարկման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդի նվաճումների և նորույթների ներդրման, ինչպես և թվայնացման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների ձեռքբերման նպատակով ՀԳԳ-ն ակտիվորեն համագործակցել է զանազան միջազգային հաստատությունների հետ և ներգրավված է եղել այդ հաստատությունների կողմից հովանավորվող ծրագրերում։ Այսպես, Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագիրը ՀԳԳ-ին շնորհել է դրամաշնորհ թվայնացման ճանապարհով գրադարանի հնատիպ գրքերի և պարբերական մամուլի երկարաժամկետ պահպանության նպատակով։ Նկատի ունենալով թվայնացման ենթակա նյութերի ծավալների անընդհատ աճը, գրադարանը ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք է բերել ավտոմատ նկարահանող Qidenus սարք՝ նախատեսված հիմնականում ամսագրերի և նոր շրջանի հրատարակությունների համար, որն է´լ ավելի խթանեց թվայնացման գործընթացը։
Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը գիտական հրապարակումների թվային տարբերակների առաջատար ստեղծողներից է, ինչը հնարավորություն է ընձեռում գիտական գրականության հարուստ և բազմազան հավաքածուները պատշաճ մակարդակով ի սպաս դնելու հանրությանը: