«Գիտական Արցախ» պարբերական

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գիտական հրապարակումների էթիկան կարգավորում է հեղինակների, գրախոսների, խմբագրի և ընթերցողների միջև փոխհարաբերությունները` ելնելով արհեստավարժ մասնագետի բարեկիրթ վարքագծի դրսևորման պահանջից: Հրատարակչական էթիկայի բնագավառում «Գիտական Արցախ» պարբերականի քաղաքականությունը հիմնված է Գիտական հրապարակումների էթիկայի կոմիտեի առաջարկությունների և ստանդարտների վրա (The Committee on Publication Ethics – COPE):

2. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԽՄԲԱԳՐԻ և ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՐ

2.1. Հրապարակման մասին որոշում

«Գիտական Արցախ» պարբերականի (այսուհետ` Պարբերական) գլխավոր խմբագիրը (այսուհետ` Խմբագիր) պատասխանատվություն է կրում նյութի հրապարակման համար: Հրապարակման մասին որոշում կայացնելիս առաջնահերթվում են դիտարկվող աշխատանքի արժանահավատությունը և գիտական կարևորությունը:

2.2. Օբյեկտիվություն

Խմբագրի կողմից գնահատվում է ներկայացվող աշխատանքի բովանդակային համապատասխանությունը՝ ըստ գիտական նյութի առաջադիր պահանջի: Հեղինակի անձնային որակները, քաղաքական համոզմունքները, սեռային և կրոնական պատկանելությունը չեն կարող ազդել ներկայացվող նյութի գնահատմանը:

2.3. Գաղտնիություն

Պարբերականի խմբագիրը և խմբագրական խորհուրդն իրավունք չունեն այլ անձանց տեղեկատվություն հայտնել ընդունված նյութերի մասին` բացի հեղինակից, գրախոսներից, գիտական խորհրդատուներից և հրատարակչից:

Ընդ որում, դիտարկման ներկայացված նյութերում առկա ու դեռևս չհրապարակված տվյալները չի կարելի է օգտագործել անձնական հետազոտություններում` առանց հեղինակի գրավոր համաձայնության: Գրախոսման ընթացքում ստացված տեղեկությունը կամ գաղափարները պետք է գաղտնի պահվեն և չօգտագործվեն անձնական շահերի համար:

3. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԳՐԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

3.1. Գրախոսման կարևորությունը

Գրախոսումը խմբագրության, հեղինակի և գիտական հանրության միջև փոխգործողության անհրաժեշտ օղակ է. այն բնութագրում է գիտական գործունեության, գիտական փոխհարաբերությունների էությունը և ապահովում գիտական առողջ համագործակցությունը: Գրախոսումը խմբագրին օգնում է օբյեկտիվ որոշում կայացնելու հրապարակման մասին և հեղինակների հետ փոխգործողությունների միջոցով վերջիններիս աջակցելու՝ նպաստելով լավորակ աշխատանքի կազմակերպմանը:

3.2. Ճշտապահություն

Յուրաքանչյուր գրախոս պետք է հանձնառի նյութի քննությունը՝ ելնելով իր մտավոր և աշխատանքային հնարավորություններից՝ իրազեկելով այդ մասին խմբագրին:

3.3. Գաղտնիություն

Գրախոսման համար տրված նյութը ճանաչվում է որպես գաղտնի փաստաթուղթ: Այն չի կարելի հանրայնացնել և քննարկել այլ անձանց հետ, եթե չկա խմբագրի թույլատվությունը կամ համապատասխան լիազորությունը:

3.4. Օբյեկտիվություն

Գրախոսի գնահատականը պետք է լինի օբյեկտիվ ու անկողմնակալ: Հեղինակի անձը և նրա անձնային որակները նշող քննադատությունն անընդունելի է: Գրախոսի կարծիքը պետք է լինի հստակ ու փաստարկված:

4. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

4.1. Նյութերին ներկայացվող պահանջները

Հեղինակները պետք է ներկայացնեն կատարված աշխատանքի արժանահավատ արդյունքներ, հետազոտության առարկայի օբյեկտիվ քննություն: Կարևորվում են ինքնատիպությունն ու կիրառված մոտեցման եզակիությունը: Աշխատանքում ներկայացվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի և անսխալ: Աշխատանքը պետք է բովանդակի աղբյուրագիտական հղումներ` հետագա վերարտադրության և այլ նյութերում հղումներ կատարելու համար: Կեղծ կամ սխալ պնդումները դիտվում են որպես ոչ էթիկական վարքագիծ և անընդունելի են: Հեղինակի կողմից ոչ էթիկական վարքագիծ է համարվում նաև խմբագրակազմի հետ հաղորդակցվելիս քաղաքավարության նորմերի խախտումը, ինչպես նաև գրախոսության պահանջների անտեսումը կամ ոչ հիմնավորված քննադատությունը:

4.2. Գրագողության զգուշացում

4.2.1 Հեղինակները պետք է համոզված լինեն, որ ներկայացված աշխատանքը լիովին ինքնատիպ է, իսկ այլ հետազոտողների կամ գիտնականների աշխատանքները, դրանց հատվածները կամ գիտական գաղափարներն օգտագործելու դեպքում պետք է ուղեկցվեն համապատասխան մատենագիտական ​​հղումներով կամ բացատրություններով:

4.2.2 Գրագողությունն ունի տարբեր ձևեր` ուրիշների աշխատանքը որպես հեղինակային ներկայացնելուց մինչև պատճենում կամ ուրիշների աշխատանքի էական մասերի բառափոխում (առանց հեղինակի նշման), ինչպես նաև ուրիշների հետազոտությունների արդյունքների նկատմամբ սեփական իրավունքների հայտարարում: Գրագողությունը բոլոր դրսևորումները ոչ էթիկական գործողություններ են և անընդունելի է գիտական հաղորդակցության մեջ:

4.3. Հրապարակումների բազմաքանակությունը, ավելորդությունը և միաժամանակությունը

4.3.1 Հեղինակը չպետք է հրապարակի միևնույն հետազոտությանը նվիրված աշխատանք մեկից ավելի ամսագրերում որպես ինքնատիպ հրապարակում: Միևնույն աշխատանքը մեկից ավելի ամսագրերի ներկայացնելն ընկալվում է որպես ոչ էթիկական վարքագիծ և անընդունելի է:

4.3.2 Հեղինակը չպետք է ներկայացնի նախկինում հրապարակված աշխատանք:

4.3.3 Այս կարգից բացառություն են կազմում արտասահմանում արդեն հրապարակված նյութի թարգմանությունն այլ լեզվով` հեղինակի և արտասահմանյան հրատարակչի փոխադարձ համաձայնությամբ` վերջիններիս նկատմամբ պահպանելով իրավաօգտագործողի իրավունքներն ու շահերը:

4.4. Սկզբնաղբյուրների ճանաչում

Անհրաժեշտ է գնահատել այլ անձանց ներդրումը: Հեղինակները պետք է հղումներով նշեն այն հրապարակումները, որոնք որոշակի ազդեցություն կամ նշանակություն են ունեցել ներկայացված աշխատանքը կատարելու համար: Անձնական բանավոր հաղորդակցման ընթացքում կամ գաղտնի աղբյուրներից ստացված տվյալները (օրինակ՝ զրույցի, նամակագրության կամ երրորդ կողմի հետ քննարկման ընթացքում) չպետք է օգտագործվեն կամ ներկայացվեն` առանց սկզբնաղբյուրի գրավոր համաձայնության:

4.5. Հրապարակումների հեղինակ լինելը

4.5.1 Որպես հեղինակներ կարող են հանդես գալ միայն այն անձինք, ովքեր նշանակալից ավանդ են ներդրել աշխատանքի մտահղացման, մշակման, կատարման կամ ներկայացված հետազոտության արդյունքների վեր հանման գործում: Բոլոր նրանք, ովքեր նշանակալից ավանդ են ունեցել, պետք է նշվեն որպես համահեղինակներ:

4.5.2 Հեղինակը պետք է վստահ լինի, որ հետազոտության մեջ էական ներդրում ունեցող բոլոր մասնակիցները ներկայացված են որպես համահեղինակներ, և որպես այդպիսիք ներկայացված չեն այն անձինք, ովքեր չեն մասնակցել հետազոտությանը: Համահեղինակությամբ ներկայացվող նյութին պետք է կցված լինի բոլոր հեղինակների հավանությունն ու նյութը հրապարակման ներկայացնելու համաձայնությունը հավաստող գրություն: