«Գիտական Արցախ» պարբերականի հոդվածների գրախոսման կանոնները

«Գիտական Արցախ» պարբերականում տպագրության համար ներկայացված բոլոր նյութերը գրախոսվում են: Գրախոսման կարգը հետևյալն է.

1. Պատասխանատու քարտուղարը գրանցում է «Գիտական Արցախ» պարբերականի էլեկտրոնային փոստին ուղարկված նյութը, որից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կատարում է նյութի նախնական փորձաքննություն՝ պարբերականի ընդհանուր մասնագիտական ուղղվածությանն ու սահմանված պահանջներին դրանց համապատասխանության տեսանկյունից, և արդյունքների մասին զեկուցում է գլխավոր խմբագրին:

Եթե նյութը չի համապատասխանում պարբերականի մասնագիտական ուղղվածությանն ու պահանջներին, ապա պատասխանատու քարտուղարը գլխավոր խմբագրի որոշմամբ նյութը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկում է հեղինակին (հեղինակներին) մերժման մասին:

2. Ընդունված նյութերը գրանցման օրվանից 10-օրյա ժամկետում գրախոսման են ուղարկվում խմբագրական խորհրդի անդամներին կամ, անհրաժեշտության դեպքում, գլխավոր խմբագրի որոշմամբ՝ տվյալ ոլորտում հանրապետության մեկ այլ առաջատար մասնագետի:

3. Գրախոսման օբյեկտիվությունն ապահովելու նպատակով հոդվածները գրախոսին են ուղարկվում` առանց հեղինակի անվան նշումի, իսկ հեղինակին հայտնի չի դառնում գրախոսի ով լինելը:

4. Նյութը գրախոսելուց հետո գրախոսը պետք է գրավոր և ստորագրությամբ վավերացված ձևով գրախոսականն ուղարկի խմբագրության էլեկտրոնային փոստին՝ գրախոսվող նյութն ստանալուց 20 օրվա ընթացքում:

5. Հեղինակները տեղեկացվում են գրախոսման արդյունքների մասին՝ դրանք խմբագրություն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Գրախոսականները նյութերի հրապարակման օրվանից հետո երեք տարի պահվում են խմբագրության արխիվում, իսկ պահանջի դեպքում` ներկայացվում ԲՈԿ:

7. Եթե գրախոսականներում կան դիտողություններ, ապա նյութը ուղարկվում է հեղինակին՝ լրամշակման:

8. Հեղինակը նյութը պետք է լրամշակի այն ստանալուց 10 օրվա ընթացքում: Նա լրամշակված բնագրին պետք է կցի նամակ, որտեղ կլինեն պատասխաններ բոլոր դիտողություններին և պարզաբանումներ՝ կատարված բոլոր փոփոխությունների վերաբերյալ:

9. Եթե նյութը ենթարկվել է էական լրամշակման, ապա այն ուղարկվում է նոր գրախոսության՝ նույն գրախոսին և առաջին գրախոսման համար սահմանված պահանջների ու ժամկետների պահպանմամբ:

10. Խմբագրությունն իրեն իրավունք է վերապահում մերժելու նյութերի հրապարակումը, եթե հեղինակը չի ցանկանում կամ չի կարողանում վերացնել գրախոսականի մեջ նշված թերությունները կամ խախտել է գիտական հրապարակումների էթիկայի կանոնները:

11. Բնագրի վերաբերյալ երկու տարբեր գրախոսներից կամ լրամշակված տարբերակի վերաբերյալ մեկ գրախոսից բացասական գրախոսության ստացման դեպքում հոդվածը գլխավոր խմբագրի որոշմամբ մերժվում է:

12. Պատասխանատու քարտուղարը հեղինակին տեղեկացնում է ընդունված որոշման մասին: Նյութերի գրախոսման առավելագույն ժամկետը բնագրի ստացումից մինչև հրապարակման որոշման ընդունում երեք ամիս է: