Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործում է 29 ակադեմիական գրադարան` Հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ) և ակադեմիական ինստիտուտների 28 ճյուղային-մասնագիտական գրադարանները։Ընթացիկ տարում COVID-19 համավարակով պայմանավորված՝ որոշ ժամանակ ՀԳԳ-ի աշխատանքները կազմակերպվել են հեռավար։ Մարտի 16-ից Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, փակվեցին բոլոր պետական կազմակերպությունները, այդ թվում նաև՝ Հիմնարար գիտական գրադարանը։ Տրվեց հեռավար աշխատանքի մեկնարկը։ Այն աշխատանքները, որոնք հնարավոր էր իրականացնել տնից, կազմակերպվեցին պատշաճ կերպով։ Խոսքը վերաբերում է թվանշային գրադարանի ձևավորման աշխատանքներին, գրքերի էջերի մշակման և տեղադրման, ԳԱԱ ամսագրերի թվային պատճենների մուտքագրման, արխիվների ձևավորման, սպասարկող կայանների սպասարկման աշխատանքներին։ Մարտի 16-ից մայիսի 25-ը ընկած ժամանակահատվածում դադարեցին ընթերցասրահներում գրականության սպասարկման աշխատանքները։ Փոխարենը գրադարանի առաջին հարկում ընթերցողների սպասարկման համար բացվեց «Տեղեկատու գրադարանավար» ծառայությունը։ ՀԳԳ աշխատակիցների կողմից կազմակերպվեց նաև ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցների կողմից պատվիրված գրականության առաքման և հետ ընդունման գործընթացը։ Սպասարկման բաժնի աշխատակիցների զբաղվածությունն ապահովելու նպատակով հաձնարարվեց պատրաստել և ներկայացնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների, թղթակից անդամների, գիտության այլ երախտավորների հոբելյաններին նվիրված տեսանյութեր։ Տեսանյութերը տեղ գտան «Վաստակաշատ գիտնականներ» և «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի բարեկամներ» շարքերում, ուր պարբերաբար ներկայացվում են տեղեկություններ գիտության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող գիտնականների կյանքի և գիտական գործունեության մասին։ Պատրաստի տեսանյութերը տեղադրվում են գրադարանի կայքէջում և դիմագրքում։ Մինչ օրս թողարկվել է 11 տեսանյութ, որոնցից 7-ը՝ արտակարգ դրության ժամանակաշրջանում. Ցանկը ներկայացված է ստորև․
- Սպարտակ Սարիբեկի Հովհաննիսյան (գիտն․ 95-ամյակը)
- Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյան (գիտն․ 90-ամյակը)
- Արմեն Լևոնի Թախտաջյան (գիտն․ 110-ամյակը)
- Հովիկ Ավետիսի Էդգարյանը (գրադ․ բարեկամի 95-ամյակ)
- Եզակի նվիրատվություն։ Նոր Ջուղայից տիկին Հասմիկ Դավթյան-Սիմոնյանի նվերը
- Հովսեփ Կարապետի Կուսիկյան (գրադ․ բարեկամի 130-ամյակը)
- Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան (գիտն․ 100-ամյակը)
- Անդրոնիկ Ղևոնդի Իոսիֆյան (գիտն․ 115-ամյակը)
- Վլադիմիր Միքայելի Հարությունյան (գիտն․ 80-ամյակը)
- Մեսրոպ Արամի Զադոյան (գիտն․ 90-ամյակը)
- Սամվել Կիմի Շուքուրյան (գիտն․ 70-ամյակը)
Մայիսի 25-ից Հիմնարար գիտական գրադարանը վերսկսեց աշխատանքները։ Բաժինների աշխատակիցներն աշխատում էին հերթափոխով, իսկ օգոստոսի 20-ից, պարետատան որոշման համաձայն, գրադարանը սկսեց լիարժեք աշխատել՝ հետևելով պարետատան կողմից սահմանված բոլոր պահանջներին։ 2020թ.-ին ԳԱԱ համակարգի գրադարաններից օգտվել է 13610 ընթերցող, սպասարկվել է 37653 գրադարանային միավոր: Ակադեմիական ինստիտուտների բոլոր գրադարանների հավաքածուներում կա 1,142068 գրադարանային միավոր: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարաներն այս տարի ձեռք են բերել 8929 գրադարանային միավոր: Այսպիսով, ակադեմիական ինստիտուտների և ՀԳԳ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 4,204889 գրադարանային միավոր: Հիմնարար Գիտական գրադարանն իր հավաքածուներում ունի 3,062821 գրադարանային միավոր (1673498 գիրք, 1365296 պարբերական և այլ նյութեր), որից 870381-ը՝ եվրոպական լեզուներով: Համալրման բոլոր աղբյուրներով գրադարանն այս տարի ձեռք է բերել 3734 գրադարանային միավոր (այդ թվում՝ 2587 միավոր գիրք, 1000 միավոր պարբերական և 147 այլ նյութեր): Ստացվել և ֆոնդ է հանձնվել թերթերի 10 լրակազմ։ 2020թ. ՀԳԳ-ն ունեցել է 17178 օգտվող։ ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության գծով հաստատված կապեր ունի արտասահմանյան և ԱՊՀ երկրների 155 կազմակերպությունների հետ, որոնցից ստացել է 87 գրադարանային միավոր (69 միավոր գիրք, 18 միավոր ամսագիր)։ Քանի որ գործըներներին տրամադրվող գրականությունը հիմնականում ԳԱԱ գիտական ամսագրերն են, որոնք արդեն թվայնացված տարբերակով տեղադրված են գրադարանի կայքէջում, 2018թ․ սկսած, մենք մեր գործընկերներին առաջարկել ենք օգտվել ամսագրերի առցանց տարբերակից։ Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը կազմակերպել է նորույթների 15 և թեմատիկ 3 ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 1100 գրադարանային միավոր: Թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են եղել գիտության նշանավոր գործիչներին: Դրանցից հիշատակության են արժանի «Աղալովյան Լենսեր-80», «Աբեղյան Մանուկ-110», «Աբրահամյան Սերգեյ-95» ցուցահանդեսները: Գիտաշխատողների, ուսանողների և հայցորդների տեղեկատվական հարցումներն առավել լիարժեք բավարարման նպատակով ՀԳԳ-ը շարունակում է օգտվողներին տրամադրել մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային հավաքածուներ բաց մատչելիության այնպիսի շտեմարաններից, ինչպիսիք են՝ “Directory of Open Access Journals”, “ Directory of Open Access Books”, “International Atomic Energy Agency –International Nuclear Information System”։ Ընթացիկ տարում շարունակվել են ընթերցողների էլեկտրոնային գրանցման, հաշվառման և էլեկտրոնային սպասարկման աշխատանքները, ինչի արդյունքում գրադարանից օգտվողները, չայցելելով գրադարան, կարող են իրականացնել նյութերի նախնական պատվեր, ապա իրենց համար հարմար ժամանակ գալ և ստանալ պատվիրված գրականությունը: Խնայվում է ընթերցողի ժամանակը, միաժամանակ բարձրանում է սպասարկման որակը։ Հաշվետու տարում ՀԳԳ-ի սպասարկման բաժնի համակարգչային ցանցից օգտվել է 1179 այցելու, իրականացվել է 1365 էլեկտրոնային պատվերի սպասարկում։ Շարունակվել են ՀԳԳ-ի էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքները: Հաշվետու տարում քարտարան է մուտքագրվել 21962 գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր, որից 2969 միավորը նոր ստացված գրականություն է: Ներկայումս ՀԳԳ-ի մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 786515 գրադարանային միավոր: 2020թ․ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150 ամյակի առթիվ Հիմնարար գիտական գրադարանը ձեռնամուխ է եղել «Կոմիտաս Վարդապետ 1869-1935» շտեմարանի ստեղծման աշխատանքներին։ Շտեմարանում տեղ են գտել մեծն Կոմիտասի հեղինակած և իր մասին գրված գրքերը, ինչպես նաև Կոմիտասի նոտագրությունները ( տեղադրված է 31 գիրք, 28 նոտագրություն)։ Շտեմարանն ունի նաև հետևյալ բաժինները՝ լուսանկարներ, ձայնագրություններ, ձեռագրեր և արխիվային նյութեր, պարբերականներ։ ՀԳԳ-ը՝ որպես մեթոդական կենտրոն, աջակցել է ակադեմիական ինստիտուտների գրադարաններին արդիականացման և նորովի աշխատելու հարցերում։ Արդյունքում՝ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է համահավաք էլեկտրոնային քարտարանի ձևավորման աշխատանքներում, նրանք հաշվետու տարում մուտքագրել են 4827 գիրք: ՀԳԳ-ն մեթոդական և ծրագրային աջակցություն է ցուցաբերում Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության Հայաստանի թվային գրադարանի» ձևավորման աշխատանքներին։ Պարբերաբար լրացվում են ՀԳԳ հավաքածուներում առկա 1512-1920 թթ․ հայերեն գրքերի թվային պատճենների ստեղծման, ինչպես նաև ԳԱԱ-ի հրատարակած ամսագրերի թվային համարժեքների՝ գրադարանի կայքէջում տեղադրելու և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրելու աշխատանքները։ Այս պահի դրությամբ ՀԳԳ հնատիպ գրքի հավաքածուն պարունակում է 477 միավոր գիրք։ 2020թ․ ՀԳԳ-ը նվեր է ստացել 1795թ․ Մադրասում տպագրված «Ազդարար․ ղամար ամսոյ» հայերեն առաջին պարբերականի արժեքավոր հրատարակությունը։ Ներկայումս ՀԳԳ կայքէջը ներառում է հետևյալ շտեմարանները՝ «Հայ գիրքը 1512-1800 թթ.», «Հայ գիրքը 1801-1850 թթ․», «Հայ գիրքը 1851-1900 թթ․», «Հայ գիրքը 1900-1920 թթ․», «Անթվակիր գրքեր», «Եզակի հրատարակություններ և հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր», «Հայկական տպագրություն 400», «Սասնա ծռեր», «Մատենագիտական ցանկեր», «Հիմնադիր ակադեմիկոսներ», «Մամուլը գիտության մասին, «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ», ԳԱԱ մատենաշարային հրատարակություններ, ԳԱԱ շարունակական հրատարակություններ, ՀՀ ԳԱԱ նախագահներ։ Ներկա պահին ՀԳԳ-ի շտեմարանները պարունակում են գրականության 8 637 անուն, 31613 միավոր, 140559 հոդված և 3 023 922 էջ։ Համացանցում հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ը թվայնացրել է ակադեմիական գիտահետազոտական հաստատությունների՝ «Պատմության», «Արևելագիտության», «Արվեստի», «Հնագիտության և ազգագրության», «Լեզվի» և «Գրականության» ինստիտուտների կողմից հրատարակվող 19 անուն մատենաշարային հրատարակություն։ «Հայ գիրք» շտեմարանը շարունակաբար համալրվում է նորանոր նյութերով, նույնիսկ այնպիսի նյութերով, որոնք Հայաստանի գրադարաններում չկան և ձեռք են բերվել եվրոպական տարբեր գրադարանների հետ համագործակցության ծրագրերի շրջանակում։ «Հայկական շարունակական հրատարակություններ» համահավաք գրացուցակում 2020թ․ նկարվել, մշակվել և տեղադրվել է պարբերականների 43 լրակազմ (10748 էջ)։ Գրադարանը մշտապես համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ամսագրերի հետ՝ աջակցելով համացանցում նրանց հոդվածների տեղադրմանը և առցանց հասանելի դարձնելուն։ Շարունակվում են «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունը» էլեկտրոնային շտեմարանի համալրման աշխատանքները։ 2020թ․ կազմվել է 5 ակադեմիկոսի կենսամատենագիտություն (Սաֆրաստյան Ռուբեն Արամի, Սեդրակյան Դավիթ Մհերի, Աղալովյան Լենսեր Աբգարի, Հարությունյան Վլադիմիր Միքայելի, Սաղյան Աշոտ Սերոբի)։ Պարբերաբար ստուգվում, խմբագրվում և ավելացվում է ԳԱԱ ակադեմիկոսների շտեմարանը։ Շարունակվել են «Մամուլը գիտության մասին» շտեմարանի համալրման աշխատանքները։ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայքէջից (www.flib.sci.am), որի այցելուների թիվը 2020թ․ գերազանցել է 150 000։ Գրադարանը, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակում, ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների» ԳՀԻ և Պոզնանի գերհամակարգչային կենտրոնի հետ համատեղ ձեռնամուխ է եղել «Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցի» ձևավորման աշխատանքներին։ Նպատակն է՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքել գիտական ուղղվածության հրատարակությունների թվայնացված պատճենները, որով մեծապես կբարձրանա նյութերի փնտրման արդյունավետությունը և կստեղծվեն գիտաչափական տվյալների հավաքագման նախադրյալներ։ Հսկայական աշխատանք է կատարվել այս ուղղությամբ։ Համահայկական թվային գրադարան մուտքագրվել և հոդված առ հոդված նկարագրվել են 20 անուն ԳԱԱ հրատարակության գիտական պարբերականներ և 39 անուն շարունակական հրատարակություններ՝ մինչ օրս լույս տեսած բոլոր համարներով, ինչպես նաև «Սիոն», «Էջմիածին», «Արարատ» պարբերականները, «Ազգագարական հանդես»ը, «Լումայ» գրական հանդեսը, «Էմինեան» ազգագրական ժողովածուն։ Տեղադրվել են Փարիզում տպագրված գիտական մեծ արժեք ներկայացող այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են՝ «Անահիտ» (խմբ․՝ Արշակ Չոպանյան), «Վէմ», «Մասեաց աղաւնի», «Բանասեր», «Բուժանք», «Հայկաշէն»։ Վիեննայում Մխիթարյան Միաբանության կողմից հրատարակվող «Հանդէս ամսօրեայ» և Վենետիկում հրատարակվող «Բազմավէպ» ծավալուն պարբերականների հոդվածների մուտքագրման աշխատանքը ընթացքի մեջ է։ Այսպիսով, «Հոդվածներ» հավաքածուն այս պահին պարունակում է 147,486 թվային առարկա։ Թվային գրադարանի «Գրքեր» հավաքածուն ներառում է գրքեր, մատենաշարային հրատարակություններ, մատենագիտական ցանկեր, որոնց ընդհանուր թիվը այս պահի դրությամբ կազմում է 526 միավոր։ «Պարբերականներ» հավաքածուն պարունակում է 1714 գրառում։ Համահայկական թվային գրադարանն այս պահի դրությամբ պարունակում է 149,922 թվային նյութ, այս թիվը, բնականաբար, անընդհատ աճում է, քանի որ շարունակվում են մուտքագրման աշխատանքները։ Սփյուռքահայ մեր հայրենակիցների համար համակարգից օգտվելը դյուրին դարձնելու նպատակով պատրաստել ենք համակարգի արևմտահայերեն միջերեսը։ Այժմ Համահայկական թվային գրադարանն ունի եռալեզու միջերեսներ՝ անգլերեն, հայերեն և արևմտահայերեն, որը հասանելի է օգտվողներին։ 2020թ․ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը մասնակցության հայտ է ներկայացրել «Գիտական տպագիր նյութերի թվայնացման ծառայություններ» ծրագրին, որի արդյունքում մատուցվել է ծառայություն՝ թվային գրադարանի մոդուլների ձևավորման ուղղությամբ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչության կողմից հրատարակվող գիտական ամսագրերի բոլոր հոդվածների համար էլեկտրոնային ձևաչափով կատարվել է․
- Հոդվածների էլեկտրոնային վերլուծական նկարագրություն՝ համաձայն ՀՍՏ 361-2013 ստանդարտի պահանջների։
- Նկարագրությունները տեղադրվել են ՀՀ ԳԱԱ համընդգրկուն գիտատեղեկատվական՝ «Հայաստանի գիտահետազոտական հանգույց» պահոցում։
- Օգտագործվող ծրագարային լուծումները հիմնված են «Բաց/ազատ կոդերով ծրագրերի» (Free/Open Source Software) վրա:
- Հոդվածների հեղինակների անունների համար ստեղծվել են հեղինակավոր գրառումներ՝ համաձայն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից 1999 թ․ մշակված “MARC 21 Format for Authority Data” հրատարակության պահանջների։
- Մատենագիտական բոլոր նկարագրություններին կցված են հոդվածի էլեկտրոնային տարբերակները՝ pdf ձևաչափով։
- Հոդվածները և մատենագիտական վերլուծությունները հանրությանը հասանելի են բաց մատչելիության սկզբունքով։
- Բոլոր ամսագրերի համար ստեղծվել են կայք էջեր, այնպես, որ ամսագրային հոդվածները հասանելի լինեն այդ կայք էջերց։ Կայք էջերի համար հատկացված սպասարկող կայանը գրանցված է sci.am տիրույթում։
- Կայան(ներ)ի անխափան աշխատանքը ապահովվում է 24/7/365 սկզբունքով։
- Գիտական նյութերը հասանելի են հանրությանը համացանցի բոլոր տիրույթներից։
Թվայնացվել և կայքէջում տեղադրվել է 227 գիրք (36.474 էջ), 161 պարբերական (2553 հոդված, 22309 էջ)։ Կայքէջում բացվել է 16 պարբերականի տիրույթ։
ՀՀ ԳԱԱ ՀԳԳ տնօրենի պաշտոնակատար` Ն. Բ. Շահումյան