ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՆԱՆ

Գուրգեն Ներսեսի Հովնանը ծնվել է 1910 թ. հոկտեմբերի 20-ին  Շուշիում։
1933 թ. ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։
1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատանքի է անցել   ՀՍՍՀ  Գիտությունների ակադեմիայում։  1963 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ։ Նրան պրոֆեսորի կոչում է շնորհվել  1964 թ.։
Գրականագետ, գրող Գուրգեն Հովնանը 1954-1964 թթ. եղել է ՀՍՍՀ  Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը։
1964-1976 թթ. ՀՍՍՀ ԳԱ  արվեստի ինստիտուտի գրական կապերի բաժինը 12 տարի ղեկավարել է պրոֆեսոր Գուրգեն Հովնանը / Հովհաննիսյանը /։
1976 թ. Գուրգեն Հովնանը նշանակվում է ՀՍՍՀ ԳԱ  Հիմնարար գրադարանի  Գրադարանային խորհրդի նախագահ և տնօրեն։
1978 թվականից  գրականագետ Գուրգեն Հովնանը  ՀՍՍՀ ԳԱ  Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում բաժնի վարիչ էր։
Գուրգեն Հովնանի գրական, գիտական վաստակն առավելապես բարձր է գնահատվում գրական-մշակութային կապերի հետազոտության ասպարեզում։
Նշանակալից են  « Ռուս-հայ  գրական կապերը 19-20-րդ դարերում. Գիրք 1-2 աշխատությունը », « Հայաստանի և հայ կուլտուրայի մասին » մատենաշարի՝ նրա կողմից հիմնադրումն ու խմբագրումը, արժեքավոր են հայ-ռուսական մշակութային կապերին ու առնչություններին վերաբերող նրա բազմաթիվ  գիտական հոդվածները՝ տպագրված ժողովածուներում, պարբերական հրատարակություններում, առանձին գրքերով։
Գուրգեն Ներսեսի Հովնանը վախճանվել է 2000 թ. փետրվարի 9-ին Երևանում։